Խոսքի մոգական ազդեցությունը. Արամ Աբրահամյան


Խոսքի մոգական ազդեցությունը. Արամ Աբրահամյան

  • 13-05-2016 12:24:47   | Հայաստան  |  Վերլուծություն

Կան բաներ, որոնք հավասարապես վերաբերում են թե՛ ազգերին եւ թե՛ անհատներին:
 
Պարզապես վերջինների օրինակով հոգեբանական մեխանիզմները բացատրելն ավելի հեշտ է, քան այն դեպքում, երբ խոսք է գնում մարդկանց խմբերի մասին: Այն, ինչ ես հիմա կգրեմ խոսքի մոգական ազդեցության մասին, կարելի է կիրառել թե անձնական եւ թե ազգային մակարդակով: Դուք, օրինակ, ասում եք` «որքան դժբախտ եմ ես»: Դա իրականում նշանակում է` ես ինքս ինձ ինչ-որ հանգամանքների կամ ինչ-որ մարդկանց զոհ եմ համարում: Ես լցված եմ խղճահարությամբ իմ անձի հանդեպ եւ գուցե ենթագիտակցորեն սպասում եմ արտաքին ազդակների, որոնք եւս մեկ անգամ կապացուցեն, որ ես իսկապես հիմքեր ունեմ ինքս ինձ խղճալու: Ես, կարծես, խնդրում եմ ինձ հանդիպած մարդկանց` «մի հատ վիրավորեք ինձ, որ ես ինձ ավելի դժբախտ զգամ»: Ես կփնտրեմ նաեւ ինձ նման դժբախտ մարդկանց, որպեսզի մենք միասին ողբանք կյանքի անարդարությունից: Դա ուղիղ ճանապարհ է` կյանքը դժոխք սարքելու: Ահա թե ինչ է նշանակում «ի՜նչ դժբախտ եմ» հոգոցը: Եթե դուք ասում եք` «ես չեմ կարող դա անել», դուք դա չեք էլ փորձի անել կամ կփորձեք՝ չանելու նպատակով: Նույնը՝ այլ հոգոցներ. եթե ասում եք` «ես քոսոտ եմ», ուրեմն այդպես էլ կա: Եթե ասում եք` «իմ բախտը երբեք չի բերում», դա էապես մեծացնում է հավանականությունը, որ դուք «վատ խաղաքարտ» եք քաշելու: Եվ որքան շատ դուք ձեր մասին կրկնեք այդ պնդումները, այնքան «կուժգնանա» դրանց մոգական ազդեցությունը: Ենթադրենք, մենք որոշել ենք ինքներս մեզ «չկախարդել»: Բայց մեզ ճիշտ նույն ձեւով փորձում են «կախարդել» ուրիշները: Մանկուց դա անում են մեզ սիրող ծնողները` դու չես կարող սա անել, դու լավ չես երգում, կոկիկ չես գրում, դու փնթի ես, դու ծույլ ես: Հետո նրանց միանում են մեր «չուզողները»` որոնք արդեն ունեն հատուկ շահագրգռվածություններ` մեզ խոսքերով խոցելու: Ինչպե՞ս խուսափել մեզ բարդույթավորող այդ խոսքերի բացասական «մագիայից»: Շատ պարզ. ոչ մի բան չընդունել մեր հաշվին: Մարդը հայհոյում, վիրավորում, ձեզ համար տհաճ բաներ է ասում ոչ թե այն պատճառով, որ դուք նրան շատ եք հետաքրքրում: Ոչ, դուք նրան բացարձակապես չեք հետաքրքրում. պարզապես այդ մարդն ունի ինչ-որ խնդիրներ, ինչ-որ շահեր, ինչ-որ հոգեկան խռովք, որը շտապում է պարպել: Ձեր անձի, ձեր գործունեության հետ դա որեւէ կապ չունի: Արժե՞ ժամանակ եւ նյարդեր ծախսել՝ մտածելու համար` «վայ, գուցե ճիշտ է ասում», «ինչպե՞ս նրան պատասխանեմ», «ինչպե՞ս նրանից վրեժ լուծեմ»:Այդ մարդն այդպես է տեսնում աշխարհը` նրա խոսքերն այլ բանի մասին չեն վկայում: Ի՞նչ է, ես ինքս չգիտե՞մ իմ թերություններն ու ուժեղ կողմերը: Թե՞ սպասում եմ, որ որեւէ մեկն՝ իրականում իր հոգեբանական «վերքերից» խոսելիս տա իմ անունը: Ընդ որում, պարտադիր չէ, որ դա լինի իմ «չուզողը» կամ ինձ նախանձողը՝ պարզապես ամեն մարդ իր խնդիրներն ունի, եւ շատերը դրանց մասին իրենց դատողությունները ձեւակերպում են որպես որեւէ մեկի հասցեին մեղադրանք եւ խարազանում: Կարեւոր է, որ ես ի՛նքս նույն կերպ չվարվեմ: Իսկ հիմա նույն մտքերը տարածեք մեր բոլորի՝ հայերիս վրա: Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play