«Հայաստանը պետք է Արցախի մասով դուրս գա բանակցությունների գործընթացից». Քաղաքագետ


«Հայաստանը պետք է Արցախի մասով դուրս գա բանակցությունների գործընթացից». Քաղաքագետ

  • 13-05-2016 15:24:09   | Հայաստան  |  Հարցազրույցներ

«Արցախի անկախության ճանաչումը միշտ է եղել նպատակահարմար ու ժամանակին` սկսած 1992թ-ի հունվարի մեկից, պարզապես որոշ մարդիկ սխալ ուղղություն են ընտրել այն ժամանակ և հիմա էլ շարունակում են պնդել, որ իբր թե այդ սխալ ուղղությունը ձեռքբերումների ճանապարհ է բացում»,- nyut.am-ի  հետ զրույցում, խոսելով ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչման հնարավոր հեռանկարի մասին, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` ընդգծելով, որ դեռևս 2008-ին, երբ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու մասին համաձայնության եկավ, դրանով փաստացի հաստատեց, որ ճանաչում է ԼՂՀ-ն, որովհետև երբ նման պայմանագիր ես ստորագրում, փաստացի ցույց ես տալիս, որ նման պետություն գոյություն ունի. «Արցախի անկախությունը ճանաչելով` ՀՀ-ն միջազգային ասպարեզում բարձրացնում է ԼՂ-ի կարգավիճակը. դա էլ մյուս պետությունների համար հիմք է դառնում Արցախի ճանաչման հետ կապված իրենց դիրքորոշումը վերանայելու համար»:
 
Քաղաքագետը չի հասկանում, թե ինչու են ՀՀՇ-ականները` Լ. Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, շարունակում պնդել, որ դա կբերի համազգային կոլապսի. «Ես միշտ ասել եմ և նորից եմ կրկնում` եթե թուրքին թույլատրվում է միակողմանիորեն ճանաչել, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը և դա ոչ մի կերպ չի ազդում բանակցային գործընթացի վրա, ապա ինչո՞ւ պետք է Արցախի անկախության ճանաչումը խանգարի բանակցային գործընթացին»,- հարց բարձրացրեց նա` հավաստիացնելով, որ նրանք, ովքեր այսօր էլ, ինչպես 90-ականներին, շարունակում են պնդել, թե Արցախի անկախության ճանաչումը կործանարար քայլ է, մեղմ ասած, ստում են. «Դա Լևոն Տեր-Պետրոսյանի վաղեմի սխալն է, և նա շարունակում է առաջ տանել իր այդ սխալը»:
Արցախի անկախության ճանաչման հարցը, Ս. Շաքարյանցի խոսքով, քաղաքական սպեկուլյացիայի առարկա է դարձել, և դրանում մեղավոր են մեր իշխանությունները` ինչպես նախկին, այնպես էլ այսօրվա. «Գուցե ինչ-որ մեկը փորձում է վերականգնել 90-ականներին կորցրած իր քաղաքական կապիտալը, գուցե ինչ-որ մեկն այդ հարցի խորությունը չի հասկանում»,- ասաց նա` բերելով նաև Թաիլանդի օրինակը, որ Չինաստանը շարունակում է իր անքակտելի մասը համարել. «Եթե դու ճանաչում ես Թաիլանդը, չի նշանակում, որ խզում ես հարաբերություններդ Չինաստանի Ժողովրդական Հանարապետության հետ, մանավանդ որ չինացիները վաղուց իրար մեջ լեզու գտել են` առանց ինչ-որ ամերիկացիների միջամտության. «Ես բերեցի Կիպորսի և Թաիլանդի օրինակները` ապացուցելով, որ ԼՂՀ-ի ճանաչումը չի կարող խանգարել բանակցային գործընթացին: Ուրիշ հարց է, որ Լ. Տեր-Պետրոսյանը դա սխալ է համարում` փորձելով արդարացնել իր սխալ քաղաքկանությունը և հիշեցնել այն մասին, թե ինքն ինչ հանճար է եղել քաղաքական դաշտում, ինչն իրականությանը ոչ մի կերպ չի համապաստախանում»:
Ս. Շաքարյանցը նշեց. «Հայաստանը պետք է Արցախի մասով դուրս գա բանակցությունների գործընթացից: Թող Հայաստանն էլ շարունակի բանակցել Ադրբեջանի հետ, բայց իր մասով` հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ, քանի որ այս հակամարտությունը միաշերտ չէ. Արցախի նյութն առանձին բանակցության թեմա է, և Արցախն իր մասով ինքուրույն բանակցություններ պետք է վարի: 10 անգամ բացատրվել է սա, բայց, միևնույն է,  չեն հասկանում»:
Քաղաքագետի խոսքով, նույն ԵԱՀԿ Մինսկի խումբն է զբաղվում այս երկու հարցերով էլ, բայց դրանք տարբեր շերտեր են, և անընդունելի է, երբ Հայաստանը սկսում է խոսել Ղարաբաղի անունից. «Երբ Լ. Տեր-Պետրոսյանը հրաժարվեց միացման գաղափարից, և որոշվեց, որ Արցախն առանձին հանրապետություն պետք է լինի, հենց այդ պահից սկսած ՀՀ-ն որևէ մեկի հետ չպետք է բանակցեր Արցախին վերաբերող հարցերի շուրջ. ՀՀ իշխանությունները պետք է մատնացույց անեին, որ Ստեփանակերտում կա օրինական ընտրված իշխանություն և ուղղորդեին, որ պետք է բանակցություններն ընթանան նրանց հետ»,- համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը:
 
Անի Ռափյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ