Մեր զինվորները սահմանը պաշտպանում են թուրքից՝ այնինչ հայ մշակույթը թուրքականից «ազատագրել» ոչ մի կերպ չի ստացվում (Տեսանյութ)


Մեր զինվորները սահմանը պաշտպանում են թուրքից՝ այնինչ հայ մշակույթը թուրքականից «ազատագրել» ոչ մի կերպ չի ստացվում (Տեսանյութ)

  • 17-05-2016 15:20:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



«Ժողովուրդ». Օրերս հայ հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց հայկական շոու-բիզնեսի երկու հայտնի ներկայացուցիչների` Արման Հովհաննիսյանի եւ Լիլիթ Հովհաննիսյանի դուետը (այն կոչվում է «Իմ բաժին սերը»):
 
Համացանցում բուռն կերպով քննադատվեց թե՛ երգը, թե՛ դրա կատարումը: Սոցցանցերի օգտատերերից շատերը կարծիք հայտնեցին, որ Լիլիթ Հովհաննիսյանի ամուսնու` Վահրամ Պետրոսյանի հեղինակած ստեղծագործությունը «արաբա-թուրքական կլկլոց է», եւ որ հատկապես ՀՀ վաստակավոր արտիստին (Արման Հովհաննիսյանին) հարիր չէ այդ աստիճան ընկնել կոմերցիայի հետեւից` մոռանալով ազգայինի մասին: Ոմանք նույնիսկ նկատեցին, որ մեր զինվորները սահմանը պաշտպանում են թուրքից, այնինչ մեր մշակույթը թուրքականից «ազատագրել» ոչ մի կերպ չի ստացվում: Նշենք, որ «Իմ բաժին սերը» Youtube-ում արդեն դիտվել է մոտ 1 միլիոն անգամ: Լիլիթ Հովհաննիսյանն էլ շտապել է ֆեյսբուքյան գրառում անել իրենց գրանցած «հաջողության» մասին: Երգահան Քրիստ Մանարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անընդունելի համարեց նման երգի կատարումը. «Արմանը լավ երգիչ է, լավ արտիստ է, ցավում եմ, որ ընկել է նրանց խելքին (նկատի ունի Լիլիթին եւ Վահրամին-Ա.Բ.): Թեեւ այնպես չէ, որ ինքն առաջին անգամ է մուտք գործում այդ դաշտ. Արմանի մոտ այդ ձգտումը միշտ էլ եղել է, բայց այս պարագայում նրանք բոլոր սահմաններն արդեն անցան: Կուզենայի գոնե Արմանն այդ աստիճան չիջներ»,-ասաց նա: Բանաստեղծ, մի շարք հայտնի երգերի հեղինակ Լեւոն Բլբուլյանն էլ վստահաբար նշեց, որ «Իմ բաժին սերը» արաբա-թուրքական գործ է առաջին իսկ հնչյուններից: «Առհասարակ, Լիլիթն էլ, Արմանն էլ, ըստ իս, լավ վոկալ տվյալներով երգիչներ են, բայց նրանց երկուսին էլ միշտ պակասել է ճաշակը: Երբ Արմանը գեղեցիկ երգ է կատարում, ընդունում ես, բայց երբ իջնում է զուտ տաշի-տուշիի, ռաբիսի մակարդակի, հիասթափվում ես: Եթե սա արաբա-թուրքական տեսահոլովակ լիներ, կարելի էր անգամ գովել, բայց սա հայկական մշակույթ չէ: Երգի խոսքերն էլ մի բան չեն. դա էլ առանձին թեմա է: Այսօր երգիչները դադարել են ուշադրություն դարձնել բառերին, դրանք մի կերպ հարմարեցնում են երաժշտությանը կամ չեն էլ հարմարեցնում»: Լ. Բլբուլյանի խոսքով` դաշտը մաքրելու ուղղությամբ ոչ մի դրական քայլ չի արվում, փոխարենը հեռուստա եւ ռադիոընկերությունները շատ հեշտորեն հեռարձակում են վերոնշյալ դուետի նման գործեր. «Ի վերջո, մեզ հարկավոր է գեղխորհուրդ կոչվածը, որպեսզի եթեր հեռարձակվեն որակի որոշակի չափանիշներին համապատասխան երգեր»,-ընդգծեց նա: Բանաստեղծը, անդրադառնալով հանրության շրջանում տարածված այն կարծիքին, թե ամոթ է, որ վաստակավոր արտիստն է նման երգեր կատարում, նկատեց. «Հիշենք ամիսներ առաջ վաստակավորի կոչման արժանացած Արմենչիկի օրինակը. եթե նրա երգերի կեսն անճաշակություն է, էլ ի՞նչ պահանջենք մյուս վաստակավորներից»: Մենք թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Արման Հովհաննիսյանի ուսուցչից` Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանից: Վերջինս, սակայն, նշեց, որ դեռ չի հասցրել ունկնդրել երգը եւ մեզ իր կարծիքը կհայտնի ավելի ուշ: Հիշեցնենք, որ Ռ. Մաթեւոսյանը շուրջ մեկ տարի առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Արման Հովհաննիսյանի երգարվեստին, մասնավորապես հանրության կողմից քննադատվող գործերին, նշել էր. «Նա պրոֆեսիոնալ երգիչ է, իսկ թե ինչու է այդ երգերը երգում, դա էլ ուրիշ հարց է. որովհետեւ երկու երեխա ունի, պետք է պահի: Իսկ որտե՞ղ է այն նվագախումբը, որտեղ նա պետք է աշխատի ու ստանա կոպեկներ…»: Մաեստրոն կարծիք էր հայտնել որ Արման Հովհաննիսյանին պետք է պարտադրել վերանայել իր երգացանկը. «Նա ընդունակ, հրաշալի երգիչ է, հիմար երգն էլ այնպես է երգում, որ կարող ես լսել: Գուցե ինչ-որ տեղեր խաղեր շատ է անում, բայց դրա պահանջարկը կա: Սա տխուր երեւույթ է, երբ պրոֆեսինալ երգիչը ստիպված է այդպիսի ծրագրի դիմել, որ կարողանա տուն պահել»,-ասել էր նա: Մենք կապ հաստատեցինք նաեւ Արման Հովհաննիսյանի մենեջերի՝ Լուսինե Արշակյանի հետ, ով հրաժարվեց թեմայի շուրջ որեւէ մեկնաբանություն տալ: Իսկ քանի որ Արման Հովհաննիսյանը հիմա երկրում չէ, նա կարող է թեմային անդրադառնալ ավելի ուշ: Լիլիթ Հովհաննիսյանի պրոդյուսերն էլ` Վահրամ Պետրոսյանը, չպատասխանեց մեր զանգերին: Ավելի ուշ պարզեցինք, որ ամուսինները եւս հանրապետությունում չեն:
 
Հիշեցում. դեռեւս 2011 թվականին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում երգահան Վահրամ Պետրոսյանը նման աղմկահարույց հայտարարություն էր արել. «Ես սիրում եմ ադրբեջանական երաժշտություն, դա նշանակում ա, որ իմ էության մեջ կա ինչ-որ բան ադրբեջանական երաժշտությունից, եւ իմ բոլոր ընգերները, ես չունեմ տենց ընգեր, ով չի սիրում ադրբեջանական երաժշտություն, նշանակում ա՝ իմ ընգերների էության մեջ կա ադրբեջանական երաժշտությունը…»։ Ասուլիսի ավարտին նա խոստովանել էր, որ ինքն արվեստում առաքելություն չունի. հայկական շոու-բիզնեսում ընդամենը փող է աշխատում: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play