Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ConIFA 2016-ի առաջնությունում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը (տեսանյութ)


Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ConIFA 2016-ի առաջնությունում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը (տեսանյութ)

  • 08-06-2016 14:49:02   |   |  Սպորտ



Արևմտյան Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի հավաքականը ՄԱԿ-ի կողմից չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի (ConIFA) 2016 թվականի առաջնությունում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Ինչպես հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Աճեմյանը, Աբխազիայում կայացած առաջնության ընթացքում 12 թիմերի մեջ 6-րդ հորիզոնական զբաղեցնելը և հաջողություն է, և սպորտային պարտություն: 
Ըստ նրա` Արևմտյան Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմը ամբողջացվել է մայիսի 27-ին` ընդգրկելով ինչպես Հայաստանի Արարատ ակումբի վեց ֆուտբոլիստներին, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների ծագումով հայ ֆուտբոլիստներ: 
 
«Առաջնության մեկնարկից մեկ օր առաջ հավաքականի ֆուտբոլիստներն առաջին անգամ հանդիպել են Ադլերում, ապա տեղափոխվել ենք Սուխում, որտեղ տեսանք, թե ինչքան լուրջ էին մեզ ընդունում»,- ասաց Ա. Աճեմյանը` հավելելով, որ շատ կարճ ժամանակահատվածում ֆուտբոլիստները հասցրել են ծանոթանալ միմյանց հետ, ապա մարզվել` առաջնությանը մասնակցելու համար: 
Նրա խոսքերով` 5-6 –րդ տեղերը զբաղեցնելու համար Արևմտյան Հայաստանի հավաքականը մրցել է Լապլանդիայի հավաքականի հետ և 0:1 հաշվով պարտություն կրելով` զբաղեցրել 6-րդ տեղը: 
Ա. Աճեմյանի կարծիքով` Արևմտյան Հայաստանի ֆուտբոլային հավաքականն ավելի բարձր հորիզոնականներ կգրավեր, եթե հավաքականի ֆուտբոլիստներն ավելի վաղ ծանոթանային միմյանց հետ և շատ մարզվեին:  
Անդրադառնալով հետագա ծրագրերին և հավաքականի ապագա կազմին` Արևմտյան Հայաստանի ֆուտբոլային հավաքականի մարզչի օգնականը նշեց, որ առայժմ ոչ մի հստակ պատասխան չի կարող տալ, քանի որ այդ հարցերին պատասխանելու համար նախևառաջ պետք է ունենան Արևմտյան Հայաստանի բարձրագույն իշխանությունների աջակցությունը: 
Արեւմտյան Հայաստանի ԱԺ պատգամավոր Սամվել  Մհերյանի փոխանցմամբ` Արևմտյան Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքական ստեղծելու գաղափարի հիմքում ընկած է այդ երկիրն աշխարհում ներկայացնելու խնդիրը:
«Մեր նպատակն էր ցույց տալ, որ գոյություն ունի այդպիսի երկիր` իր դրոշով և պետական կառույցներով, ինչը մեզ հաջողվեց: Բնականաբար մեր գլխավոր նպատակն է ConIFA առաջնությունում հետագայում զբաղեցնել առաջին հորիզոնականը, իսկ քաղաքական նկատառումներն Արևմտյան Հայաստանն ազատագրված տեսնելն է»,- ընդգծեց Ս. Մհերյանը: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play