Հայաստանում հողերի անապատցաման օրեցօր ահագնացող վտանգը կունենա անդառնալի հետևանքներ. ահազանգում են մասնագետները (Տեսանյութ)


Հայաստանում հողերի անապատցաման օրեցօր ահագնացող վտանգը կունենա անդառնալի հետևանքներ. ահազանգում են մասնագետները (Տեսանյութ)

  • 15-06-2016 14:50:08   | Հայաստան  |  Տնտեսություն



Գտնվելով չոր մերձարևադարձային կլիմայական գոտում` Հայաստանը բնակլիմակայական բոլոր չափանիշներով դասվում է համաշխարհային անապատավտանգ երկրների շարքին: Ինչպես անապատացման դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ` հունիսի 17-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշեց Էկոլոգիայի միաջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը, Հայաստանի հողային տարածքների 80 տոկոսը միջազգային չափանիշներով  անապատացման վտանգավորության տարբեր աստիճաններ ունեցող տարածք է համարվում, որի շուրջ 30 տոկոսն առավել անապատավտանգ տարածքներ են: 
 
Ըստ նրա` այս խնդրի բուն բովանդակության մասին հանրային իրազեկվածությունը բավականին բարձր է և անպատացման վտանգի փաստն այլևս ապացուցելու կարիք չկա:
«Դասական ընկալմամբ անապատացում է համարվում հողային տարածքների դեգրադացման գործընթացը, որն արդյունք է գլոբալ փոփոխությունների և մարդու կողմից անհաշվենկատ բնօգտագործման, ինչը հանգեցնում է հողերի, բնատարածքային համալիրների, լանդշավտների բնական վերարտադրության կորստին»,- ընդգծում է Ա. Խոյեցյանը` հավելելով, որ վերոնշյալ գործընթացները հանգեցնում են պարենային լուրջ խնդիրների և խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացմանը: 
Վերջինիս խոսքերով` վաղուց ժամանակն է անապատացման դեմ պայքարել կոնկրետ գործողություններով և միջոցառումներով, սակայն պատկան մարմինների կողմից առայժմ ոչ մի լուրջ քայլ չի կատարվում:
Ահազանգելով անապատցաման օրեցօր ահագնացող վտանգի մասին` Ա. Խոյեցյանը փաստում է. «Այս խնդրի խորացումը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ` նպաստելով հողերի էռոզիայի զարգացմանը, սելավների ակտիվացմանը, սողանքների ավելացմանը, անտառների վերացման հետևանքով բուսազրկված մայրական ապառների ելքերի առաջացմանը, երաշտների օրեցօր ակտիվացող միտումների խորացմանը»:
Մասնագետի պնդմամբ` հողային տարածքների անպատացման դեմ պայքարը պետք է սկսվի անտառային հիմնախնդիրների լուծումներից մինչև հողերի աղակալման վերացում ու ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործում: 
«Մեզ կերակրող հիմնական տարածքը` Արարատյան հարթավայրը, դարձել է հողերի աղակալման և ճահճացման մեծ ինտենսիվությամբ զարգացող տարածք, միայն 90-ական թվականներին արարատյան հարթավայրում 30 հազար հեկտար առաջնային աղակալված տարածքներ կային, իսկ այսօր այդ ցուցանիշը կրկնապատկվել է արդեն երկրորդային աղակալմամբ, ինչը հետևանք է անկախացումից հետո հորատ անցքերի ավելացման, երբ գրունտային ջրերի մակարդակն արհեստականորեն սկսեց բարձրանալ»,- նշեց Ա. Խոյեցյանը` ընդգծելով, որ աշխարհում ամենաթանկ ռեսուրսի` ջրային պաշարների անխնա և ոչ ճիշտ ռազմավարությամբ օգտագործումն անմիջական կապ ունի անապատացման հիմնախնդրի խորացման հետ:  
Տեխնիկական գիտությունների թեկնածու, Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ստեփան Խոյեցյանն էլ հերթական անգամ բարձրաձայնում է, որ վաղուց գտել է անպատացման դեմ պայքարի արդյունավետ միջոցներից մեկը. Այն է` մշակել է համապատասխան գյուղատնտեսական մի մեքենա, որը կարող է հողային տարածքներում ճեղքեր բացել և սարերից հոսող անձրևաձնհալ ջրերը կուտակել հողի ստորին շերտերում` չվնասելով բուսական ծածկույթը:
«Բացի այդ, այդ ճեղքերով մենք իջեցնում են հողը փխրեցնող գյուղատնտեսական գործիքի թաթիկը, որը ներքևում թունելի նման 30 սմ լայնքով փխրեցնում է բույսի արմատային համակարգը` նպաստելով ջրային պաշարների պահպանմանը և ճիշտ օգտագործմանը, խոնավության կուտակմանը, նաև պարարտացնել արոտավայրերը»,- ասաց Ս. Խոյեցյանը: 
Վերջինիս փոխանցմամբ` պատրաստի մեքենան անշարժ կանգնած է արդեն 20 տարուց ավելի, այս ընթացքում ոչ պետական կառույցներից, որ մասնավոր սեկտորից չի գտնվել մեկը, ով պատրաստ է եղել աջակցել մեքենայի թեկուզ փորձնական շահագործմանը: 
«Բազմիցս ասել եմ, հարգելի գյուղնախարարություն, փողի անուն չեմ էլ տալիս, բերեք մեքենան աշխատացնենք ու փաստացի տեսնենք արդյունք կա թե չէ: Սա էլ չեն անում, մինչդեռ Համաշխարհային բանկի կողմից արոտների բարելավման համար տրամադրվող միլիոնավոր դոլարները ծախսվում են կոպերատիվների ձևավորելու վրա, իսկ բուն աշխատանքի մասին ոչ մի խոսք»,- նշեց բանախոսը` հավելելով, որ հերիք չէ պատկան մարմինները չեն աջակցում մեքենայի շահագործմանը, մի բան էլ խոչընդոտում են անահատներին, ովքեր ցանականում են փորձարկել մեքենան. «Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն անհատից պահանջում են 6000 դոլար մեքենան  փորձնական աշխատեցնելու համար, իսկ համապատասխան պետական կառույցները լռում են»:
Մասնագետը ցավով ընդգծում է, որ միլիոնավոր դոլարներ ծախսվում են տարբեր ոչ արդյունավետ ծրագրերի իրականացման վրա, իսկ նմանատիպ մեկ մեքենա ստեղծելու համար անհրաժեշտ է ընդամենը 5000 դոլար: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Տնտեսություն