«Գումար ունեցողները չեն հանդուրժի, որ կենտրոնում իրենցից բացի որեւէ մեկը տարածք ունենա».Յուլյա Զաքարյան


«Գումար ունեցողները չեն հանդուրժի, որ կենտրոնում իրենցից բացի որեւէ մեկը տարածք ունենա».Յուլյա Զաքարյան

  • 27-06-2016 12:57:20   | Հայաստան  |  Իրավունք

«Հետք». Հունիսի 23-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները քանդել են Երեւանի Աբովյան 5 փակուղի հասցեում գտնվող Զաքարյանների  ընտանիքին պատկանող ապրուստի միակ միջոցը՝ ավտոլվացման եւ տեխսպասարկման կենտրոնը, թեեւ ըստ սեփականության վկայականի այդ ամենը պատկանում էր ընտանիքի անդամներին:
 
Նույն օրը Զաքարյանները ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել: Դեռեւս տարիներ առաջ էլ Զաքարյանները զրկվել էին նույն հասցեում գտնվող իրենց տնից եւ հողատարածքից: 70-ամյա Յուլյա Զաքարյանն այսօր ապրում է վարձով, կրտսեր որդին՝ նույնպես, իսկ ավագ որդին արտագաղթել է` չդիմանալով անարդարությանը:
 
Յուլյա Զաքարյան. «Միշտ հեռու ենք մնացել կեղտից, բայց կեղտը եկավ ու կպավ մեզ, քանի որ մենք կենտրոնում ենք ապրում»:
 
 «Երբ շինարարությունը նոր էր սկսվում, մեզ խոստացան նորակառույց շենքում 4 բնակարան, 4 ավտոտնակ տալ: Հիմա անգամ մեկ բնակարան ստանալու հույս չկա»:
 
«Հինգ սերունդ այստեղ ենք ապրել, բայց տունը վերցրին, տեղը շենք կառուցեցին, ու փոխարենը ոչինչ չտվեցին: Հիմա էլ ավտոտնակները քանդեցին, որ այդ հատվածն էլ իրենցով անեն»:
 
«Եկան ու մի քանի րոպեում ամբողջը քանդեցին»:
 
«Որդիներս արվեստագետներ են, բայց այդ ավտոտնակներում ավտոտեխսպասարկման կետ էին բացել, մեքենաներ էին վերանորոգում, որ գումար աշխատեն»:
 
«Այստեղ նաեւ այլ մարդիկ էին աշխատում, ովքեր հիմա նույնպես մնացել են առանց ապրուստի միջոցի»:
 
«Մենք դարձանք մեր սեփականության գերին, որի վրա շատերի աչքն է, քանի որ այսօր գումար ունեցողները չեն հանդուրժի, որ կենտրոնում իրենցից բացի որեւէ մեկը տարածք ունենա»:
 
«Քանդեցին ավտոտնակները, ասելով, թե հատակագծի մեջ չկա, բայց չեն հասկանում, թե իրենց ասածն ինչ ծիծաղելի է, բոլոր փաստաթղթերը կան»:
 
«Եթե այդ ավտոտնակները չկային, այդ ինչի համար եմ 16 տարի անշարժ գույքի հարկ վճարել, այդ որտեղ են որդիներս իրենց ՍՊԸ-ն բացել»:
 
«Դատարանը ավտոտնակները քանդելու որոշումը կայացրել էր անցած տարվա ամռանը: Որոշման մեջ նշվում է, որ ավտոտնակը պետք է քանդել «անկախ որեւէ հանգամանքից»: Էլ ի՞նչ արդարության մասին խոսենք»:
 
Անի Գևորգյան
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play