Արամ Աթեշյանի դեմ սկսված քաղաքացիական պայքարը թևակոխում է նոր փուլ (տեսանյութ)


Արամ Աթեշյանի դեմ սկսված քաղաքացիական պայքարը թևակոխում է նոր փուլ (տեսանյութ)

  • 29-06-2016 14:20:09   | Հայաստան  |  Հասարակություն



«Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» նախաձեռնությունը թևակոխել է պայքարի նոր փուլ, որտեղ հանդես է գալու «Պետք է կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը» անվանմամբ: Վերջինս այս անգամ պայքարելու է, որպեսզի Արամ Աթեշյան անուն–ազգանունով սրբապիղծ հոգևորականի գործունեությունը կախակայելու հարցն անպայման մտնի այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն Հոգևոր Խորհրդի եռօրյա ժողովի օրակարգ: Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին «Պետք է կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամներ` Գոհար Արշակյանը, Սոսե Ղլեջյանը և Սիրուն Սեմերջյանը:  
 
Ըստ Գ. Արշակյանի` իրենց գերագույն խնդիրն է կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը, ինչի համար փորձելու են հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի յուրաքանչյուր անդամին, ներկայացնել իրենց պահանջը` ակնկալելով համապատասխան արձագանք: 
«Եթե Գերագույն Հոգևոր խորհուրդը որոշի կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը, ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 24-26-ը գումարվելիք «Եպիսկոպոսաց ժողովը» կքննարկի նրան կարգալույծ անելու հարցը»,- ասաց նա` հավելելով, որ  իրենց պահանջներն էլեկտրոնային տարբերակով ևս ուղարկելու են Գերագույն Հոգևոր խորհրդի անդամներին:
Գ. Արշակյանի վստահեցմամբ` իրենց նախաձեռնության կողքին կանգնած են բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր անկյուններից, ավելին` վերջիններս իրենց աջակցությունն են հայտնել «Պետք է կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը» նախաձեռնությանը: 
Սոսե Ղլեջյանի խոսքերով` պոլսահայ համայնքի հետ կապն առաջիկայում ավելի խոր բնույթ կկրի, քանի որ նախաձեռնության անդամներից Սիրուն Սեմերջյանը մեկնելու է Ստամբուլ և հանդիպելու է պոլսահայ համայնքի հետ: 
«Տարիներ շարունակ հայությունը զսպված զգուշավոր վերաբերմունք է դրսևորել պոլսհայ համայնքի խնդիրների նկատմամբ` գիտակցաբար փորձելով չվնասել նրանց անվտանգությանը և չլարել թուրքական իշխանությունների` առանց այդ էլ ոչ բարյացակամ դիրքորոշումը, սակայն ժամանակները փոխվել են, ուստի Արամ Աթեշյանի ներկայիս հակահայ պահվածքը հնարավոր չէ այլևս հանդուրժել»,- ընդգծեց Ս. Ղլեջյանը:
Նրա կարծիքով` պոլսահայ համայնքի հոգևոր ներկայացուցչի դերում չի կարող լինել մի ազգադավ աձնավորություն, որը փոխարեն նպաստելու պոլսահայ համայնքի խնդիրների բարձրաձայնման, մի բան էլ խոչընդոտում է կրոնափոխ եղած հայերին քրիստոնեությանը վերստին վերադառնալու գործընթացում: 
Նախաձեռնության երիտասարդ անդամներից Սիրուն Սեմերջյանն էլ տեղեկացրեց, որ իր այցի հիմնական նպատակն է ծանոթանալու պոլսհայ համայնքում տիրող ընդհանուր տրմադրություններին, որպեսզի ըստ այդմ որոշեն նախաձեռնության հետագա անելիքները: 
«Պետք է կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը» նախաձեռնության անդամները վստահեցնում են, որ պայքարելու են մինչև վերջ, հարկ եղած դեպքում նախաձեռնության բոլոր կողմնակիցները և անդամներն ամեն ինչ անելու են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպելու և իրենց պահանջը ներկայացնելու համար: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play