Ռուսներն ու թուրքերը հանդիսանում են Հայաստանի ինքնիշխանության հակառակորդ եւ սպառնալիք. Մեկնաբան


Ռուսներն ու թուրքերը հանդիսանում են Հայաստանի ինքնիշխանության հակառակորդ եւ սպառնալիք. Մեկնաբան

  • 04-07-2016 17:30:36   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանում աշխուժորեն քննարկվում է ռուս-թուրքական հաշտության հնարավոր հետեւանքը կամ ռիսկերը, որ կարող են լինել Հայաստանի եւ Արցախի անվտանգության տեսանկյունից:
 
Դրանց վերաբերյալ մտահոգությունների թե պատմական, թե ներկայի հիմքերը բազմաթիվ են: Կարծիքները եւս բազմազան են, թե ինչ սպառնալիքներ կարող են լինել, կլինեն, թե ոչ:
Այդ քննարկումներում սակայն քիչ տեղ է հատկացվում մի հանգամանքի, որը առանցքայինն է Հայաստանի համար ռուս-թուրքական հարաբերության առաջացրած ռիսկերի տեսանկյունից: Եվ այդ հանգամանքի առկայությունը խոշոր հաշվով այդքան էլ էական չի դարձնում այդ երկրների միջեւ հաշտության կամ գժտության հանգամանքը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերության հիմքը 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրն է, որտեղ երկու երկրները պայմանավորվել են տարածաշրջանի բաժանման հարցում: Այդ պայմանավորվածությունն իր բովանդակությամբ փաստացի բացառում է Հայաստանի ինքնիշխան գոյությունը տարածաշրջանում: Դա է ռուս-թուրքական պայմանավորվածության առանցքային առարկան, առանց որի նրանք չեն կարող պայմանավորվել տարածաշրջանի բաժանման եւ տիրելու հարցում:
Ռուս-թուրքական գժտության պարագայում անգամ Մոսկվան ու Անկարան դույզն իսկ կասկածի տակ չդրեցին այդ պայմանագիրը, որովհետեւ դա ոչ միայն նրանց երկկողմ հարաբերության, այլ ընդհանրապես տարածաշրջանային ռազմավարության հիմքն է:
Ըստ այդմ, կարեւոր չէ՝ հաշտ են ռուսներն ու թուրքերը իրար հետ, թե ոչ, հայհոյում են իրար, թե սիրաշահում, հանգստանում են միմյանց գրկում, ուտում են միմյանց պոմիդորն ու վարունգը, թե չեն ուտում: Քանի դեռ նրանք որեւէ կասկածի տակ չեն դրել 1921 թվականի պայմանագիրը որպես հարաբերության եւ քաղաքականության հիմք, նրանք միասին, թե առանձին, հանդիսանում են Հայաստանի ինքնիշխանության հակառակորդ եւ սպառնալիք, հետեւաբար միասին, թե առանձին, աշխատելու են այդ ինքնիշխանությունը սահմանափակելու ուղղությամբ: Բանն այն է, որ ինքնիշխան Հայաստանի շահն ու անվտանգությունը գտնվում է ռուս-թուրքական այդ պայմանագրին լիովին հակառակ տրամաբանության մեջ:
Օրինակ Արցախի հաղթանակը: Դա ռուս-թուրքական պայմանագրի բովանդակության դեմ կատարված քայլ էր, եւ պատահական չէ, որ հաղթանակի ընթացքը կասեցնելու համար ամեն ինչ արեցին Ռուսաստանն ու Թուրքիան՝ Ղազախստանի միջոցով: Ղազախստանը 1994 թվականի բիշքեկյան միջնորդության մեջ հանդիսանում էր Թուրքիայի ներկայացուցիչը, Թուրքիայի «վստահված անձը»: Ռուսաստանն ու Ղազախստանը փաստացի կասեցրին Արցախի առաջին պատերազմի այն ընթացքը, որն այլեւս հանելու էր երկրորդ պատերազմի հարցը օրակարգից: Նրանք 1994-ի միջնորդությամբ փաստացի օրակարգում Ադրբեջանի համար պահեցին երկրորդ պատերազմի հնարավորությունը, իսկ հետագայում արդեն ձգտեցին քայլ առ քայլ մոտեցնել եւ կազմակերպել այն:
Ռուս-թուրքական հարաբերության վերականգնումը մեծ հաշվով առավել ընդգրկուն գործընթաց է, որը ներառում է Արցախում այն ստատուս-քվոյի վերականգնումը, որ կար մինչեւ Արցախի պատերազմը: Իրականում, ռուս-թուրքական հարաբերությանն ուղղված հարվածը չի եղել Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին ռուսական օդանավին հասցված հարվածը: Իրականում ռուս-թուրքական հաշտության հարվածը եղել է Արցախի պատերազմն ու հայկական ուժերի հաստատած նոր ստատուս-քվոն: Հայկական ինքնիշխանության եւ սուբյեկտության հենց այդ «ճաքն» է, որ փորձում են վերականգնել Մոսկվան ու Անկարան:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play