Իշխանություններին խորհուրդ տվողները նրանց կանգնեցրին շատ ավելի բարդ խնդրի առջև, քան երեք օր առաջ. Բորիս Նավասարդյան


Իշխանություններին խորհուրդ տվողները նրանց կանգնեցրին շատ ավելի բարդ խնդրի առջև, քան երեք օր առաջ. Բորիս Նավասարդյան

  • 19-07-2016 13:52:42   | Հայաստան  |  Հասարակություն

«Սասնա Ծռեր»-ի համակիրները երեք օր առաջ ավելի պասիվ էին, քան այսօր. Այդ պասիվ համակրանքն այդպես էլ կմնար, եթե իշխանությունները ճիշտ գործեին: Այս մասին հուլիսի 19-ին լրագրողների հտ հանդիպման ժամանակ նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` ընդգծելով, որ եթե երեք օր առաջ շրջանառվում էր մեկ թեմա, այն է` ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և բերել բանակցությունների իշխանափոխության վերաբերյալ, ապա երեկվանից լայնորեն քննարկվում է նաև ոստիկանության կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտման թեման, որի շրջանակներում կտրուկ կերպով մեծացել է շահագրգռված ու ակտիվ քաղաքացիների քանակը:
 
Ըստ նրա` իշխանությունների սխալ հաշվարկները պայմանավորված են վերջիններիս խորհուրդ տվողների այլ բարոյական հարթությունում գտնվելով, քանի որ նրանք այս տարիների ընթացքում սովորել են հարցերը լուծել այնպես, ինչպես օլիգարխական բիզնեսի շրջանակներում:
«Խլել, քցել, խաբել, ճնշել, կողոպտել և նմանատիպ այլ սկզբունքներով  շատ հարցեր են լուծվում, ուստի փորձեցին նույն մեթոդը կիրառել նաև այս օրերին, որը երկարատև հեռանկարի առումով աշխատող չէ»,- նշեց Բ. Նավասարդյանը` հավելելով, որ ներկայումս ՀՀ իշխանությունները կանգնած են շատ ավելի բարդ խնդրի առջև, քան երեք օր առաջ:
Նրա խոսքերով, եթե երեք օր առաջ իշխանություններն ուղղակի պետք է բանակցությունների միջոցով փորձեին ինչ որ հանգուցալուծում գտնել ստեղծված իրավիճակում, ապա այսօր պետք է հասկանան, թե ինչ կարելի է անել ակտիվացած հասարակության հետ, որը չի վստահում և գուցե պասիվ ձևով, բայց իշխանափոխություն է ցանկանում:
 Բ. Նավասարդյանի կարծիքով` իշխանությունները երևի կկիրառեն իրենց ավանդական միջոցը, այն է` հոգնեցնել թե զինված խմբին, թե նրանց համակիրներին` մտածելով, որ ըմբոստացողները չունեն իրենց առաջնորդը և կոնկրետ ծրագիր, հետևաբար կհոգնեն ու կգնան տուն: 
«Ես այն կարծիքին չեմ, որ բանակցություններն արդյունավետ չեն լինելու, քանի որ բոլոր կողմերն էլ շահագրգռված են, որպեսզի արյունահեղություն չլինի»,- ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը` հավելելով, որ ինքն անձամբ բանակցություններին այլընտրանք չի տեսնում, թեկուզև դրանք երկար տևեն:  
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play