Վայրկյան առաջ պետք է ազատվել թե Ազգային ժողովից, թե կառավարությունից. Արամ Գրիգորյան (տեսանյութ)


Վայրկյան առաջ պետք է ազատվել թե Ազգային ժողովից, թե կառավարությունից. Արամ Գրիգորյան (տեսանյութ)

  • 25-07-2016 13:47:00   | Հայաստան  |  Հասարակություն



Հայաստանի քաղաքական էլիտան այլևս չի կարողանում կառավարել երկիրը. Վայրկյան առաջ պետք է ազատվել թե Ազգային ժողովից, թե կառավարությունից: Այս մասին հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Զարթոնք» գաղափարական-քաղաքական ակումբի անդամ Արամ Գրիգորյանը` անդրադառնալով վերջին իրադարձություններին և քաղաքական զարգացումներին:
Ըստ նրա` ստեղծված պայթունավտանգ իրավիճակն իրականում Հայաստանում կառավարման համակարգի անկատարության քաղաքական հետևանք է, որը պահանջում է համապատասխան լուծում:
 
Նրա խոսքերով` ցանկացած նման իրավիճակում հանրապետության նախագահի կողմից պետք է ձևավորվի քաղաքական նոր օրակարգ և առկա խնդիրների լուծման կոնկրետ ծրագիր:
«Եթե նախագահն իր մեջ ուժ չի գտնում հանրությանը  ներկայացնելու խնդիրների լուծման կոնկրետ ծրագիր, ապա պետք է արժանապատվորեն հեռանա իր թիմի հետ միասին»,- ասաց նա` հավելելով, որ իշխանությունները պետք է զերծ մնան զինված խմբին ահաբեկչական որակելուց, քանի որ խումբն ըստ էության ահաբեկչական չէ: 
Ա. Գրիգորյանի խոսքերով` «Սասնա Ծռեր»-ը զենքին դիմել է հենց այդ նոր օրակարգը թելադրելու և առկա խնդիրները լուծելու համար: 
Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ ժողովուրդն այդպես էլ բավարար քանակով դուրս չի գալիս փողոց, բանախոսը նշեց, որ հասարակության մի մասը ապրում է վախի մթնոլորտում, մյուսը` հուսահատված է, մյուսները` հավատ չունեն ապագայի և փոփոխությունների նկատմամբ, դարձել են անտարբեր: 
Որպես փոխարինող ներկայիս իշխանություններին` Ա. Գրիգորյանը տեսնում է հանրության մեջ առկա այն բոլոր անհատներին, որոնք մտահոգված են սեփական երկրի ճակատագրով, ունեն մշակած ծրագրեր և հայտնի չեն հանրության լայն շրջանակներին. «Մենք անհատների ազգ ենք, մեր դժվարությունն այդ անհատներին համախմբել չկարողանալու մեջ է»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ «Զարթոնք» գաղափարական-քաղաքական ակումբը պատրաստ է հարթակ դառնալ այդ անհատների համար հանրության առջև հանդես գալու և ներկայանալու համար: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play