Իշխանությունները ճնշումներ են սկսել ԲՀԿ թեկնածուների վրա. Նաիրա Զոհրաբյան


Իշխանությունները ճնշումներ են սկսել ԲՀԿ թեկնածուների վրա. Նաիրա Զոհրաբյան

  • 24-08-2016 14:32:52   | Հայաստան  |  Հասարակություն

Քիչ առաջ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ArmLur.am-ին տեղեկացրեց, որ արդեն իսկ Մասիսում և Գյումրիում իշխանությունները հստակ ճնշումներ են սկսվել ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածուների վրա:
 
Մասնավորապես, Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Գյումրիում իրենց թեկնածու Վարդևան Գրիգորյանի կինը` Վարդանուշ Գրիգորյանը, դեռևս մոտ տասն օր առաջ դիմում էր գրել և դուրս էր եկել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Անի-պարտեզ» մանկապարտեզի տնօրենի պաշտոնից`  անհարկի շահարկումներին խուսափելու համար: «Այսօր արդեն թե մանկապարտեզում, թե մանկավարժական ինստւտուտում, որտեղ տասնչորս տարի ռեկտոր է եղել Վարդևան Գրիգորյանը, աուդիտ է ուղարկվել` ստուգումներ սկսելու համար», – նշեց նա:
 
Ինչ վերաբերում է Մասիսին, ապա Նաիրա Զոհրաբյանը մեզ տեղեկացրեց, որ նախօրեին տեղի հանրապետական իշխանությունը կանչել է Մասիսի ոստիկանության բաժնի պետի տեղակալ, գնդապետ Ռաֆիկ Շուշանյանին, ով ԲՀԿ թեկնածու Կարապետ Օհանյանի քավոր-սանիկական հարաբերություններ ունի և նրանից պահանջել են ցուցակ ներկայացնել Դավիթ Համբարձումյանի օգտին քվեարկող բոլոր ընտրողներին: Շուշանյանը պատասխանել է, որ ինքը չի կարող նման բան անել, քանի որ ԲՀԿ-ի թեկնածուի մերձավորն է, և նա անմիջապես ազատվել է աշխատանքից: «Հիմա, բնականաբար, ձեր այս հրապարակումից հետո իրենք անմիջապես հազար ու մի պատճառաբանություն կգտնեն, թե ինչու են իրականում հեռացրել Ռաֆիկ Շուշանյանին: Բնականաբար, կասեն, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, բայց մեկ բան հստակ է. հստակ ճնշումներ են սկսվել ԲՀԿ թեկնածուների հանդեպ: Ես կրկին  կոչ եմ անում իշխանության ներկայացուցիչներին և առավել ևս տեղային նշանակության իշխանիկներին, դադարեցրեք ձեր այս գործելաոճը, առանց այն էլ երկրում ներքաղաքական այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ է, որ դրանով դուք նպաստելու եք հերթական ներքաղաքական պայթյունին: Եթե այդքան վստահ եք ձեր թեկնածուների հաղթանակների վրա, թույլ տվեք, որ բոլոր տեղերում լինեն ազատ, արդար ընտրություններ: Դուք ասում եք`  որ դուք ամենահարգվածն ու ամենավստահելին եք, այդ դեպքում ինչու եք ճնշում, բռնանում, ինչու եք կեղծ ստուգումներ ուղարկում: Եթե այդքան հզորն եք, ապա ժողովուրդը երգով, պարով, գլխին էլ բանտիկ խփած, պետք է գնա ձեզ ընտրի: Ինչու եք վախեցած», – հայտարարեց նա: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play