Սերժ Սարգսյանն ակնարկել է՝ Հայաստանին պակասում է պետականության արեւմտյան մոդելը


Սերժ Սարգսյանն ակնարկել է՝ Հայաստանին պակասում է պետականության արեւմտյան մոդելը

  • 29-08-2016 18:39:08   | Հայաստան  |  Վերլուծություն

Օգոստոսի 28-ին այցելելով Բազե համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին, նրանց հետ զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանն արել է հայտարարություն, որը խորքային իմաստով պարզապես հեղափոխական է: Սարգսյանը, խոսելով երիտասարդների խնդիրների մասին, ասել է, թե նրանց պակասում է արեւմտյան մոդելի կրթություն:
 
Բայց, Սարգսյանը նշել է, թե դա երիտասարդների մեղքը չէ, պարզապես հնարավոր չէ միանգամից ստեղծել այդպիսի համակարգ՝ պետք են տարիներ:
Կրթական համակարգը պետականության եւ ընդհանրապես քաղաքակրթական հենասյուներից է: Կրթական համակարգը մտածողություն է, որը տարածվում է կենսագործունեության մյուս բոլոր ոլորտների վրա, դառնում առօրյա: Կրթական համակարգն արժեքներ են, աշխարհընկալում, աշխարհայացք:
Խոսել կրթական համակարգի մոդելի մասին, փաստացի նշանակում է անդրադառնալ պետականության մոդելին: Եվ այդ իմաստով է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հեղափոխական է եւ առնչվում է ոչ միայն կրթական համակարգին, այլ գործնականում պետականության բոլոր խնդիրների արմատին: Այդպիսով, Սարգսյանն ակնարկում է, որ Հայաստանին պակասում է պետականության արեւմտյան մոդելը, կամ ավելի լայն՝ քաղաքակրթական արեւմտյան մոդելը:
Միաժամանակ, դա չպետք է հանգեցնել արտաքին քաղաքական կամ աշխարհքաղաքական կողմնորոշման Ռուսաստան, թե Արեւմուտք պարզունակ խնդրին: Քաղաքակրթական մոդելը շատ ավելի խորը եւ ընդգրկուն խնդիր է եւ առաջին հերթին առնչվում է հենց արժեքներին, մտածողությանը: Ռուսաստան-Արեւմուտք խնդիրը պարզունակացնելու շահագրգռությունը բխում է Հայաստանի նեոգաղութային իրականության շահառուներից, ովքեր առաջ են քաշում միտքը, թե ինչ տարբերություն ում «կրնկի» տակ է լինելու Հայաստանը:
Մինչդեռ հարցի արժեքը շատ ավելին է, քան «կրունկը»: Հարցը պետական եւ հասարակական կյանքի կազմակերպման, պետական եւ հասարակական ինստիտուցիոնալ համակարգերի ձեւավորման, դրանց հիմքում դրված արժեքների, գաղափարների, նպատակների, ուղենիշների, կենսագործունեության տարբեր ոլորտներում առաջնահերթությունների, շարժառիթների, ուղենիշների արդիական եւ մրցունակ տեխնոլոգիաների ընտրությունն է:
Երեւույթներ, որոնց մրցունակությունն ու արդյունավետությունը, որոնց կենսունակությունն ու առաջատարությունը հաստատվել է տասնամյակների ընթացքով, որոնց շնորհիվ ձեւավորվել է եվրատլանտյան քաղաքակրթությունը, որի առաջատարությունը անվիճելի է գործնականում բոլոր բնագավառներում, եւ ինչը խոշոր հաշվով արդյունքն է հիմնարար մի արժեքի՝ մարդու եւ նրա ստեղծագործական ազատության:
Անկասկած այդ ամենը, ներառյալ հիմնարար, առանցքային այդ արժեքը բացարձակ չէ: Սակայն բանն ամենեւին էլ բացարձակությունը չէ, այլ համեմատական առավելությունները եւ դրանց առավելագույն արդյունավետ գեներացիան: Այդ գեներացիայի համաշխարհային գործընթացի թե մաս, թե մասնակից լինելով է պայմանավորված Հայաստանի թե տնտեսա-քաղաքական արդիականացումն ու զարգացումը, թե կայուն պաշտպանվածությունն ու անվտանգությունը՝ տարածաշրջանային առաջատար դերակատարումով, որի պոտենցիալը Հայաստանն ունի լիուլի:
«Արեւմտյան մոդել»-ն այդ իրողությունն է, ոչ թե Մոսկվայի կամ Վաշինգտոնի միջեւ պարզունակ ընտրությունը, որին փորձում են բերել Հայաստանի գաղութային կարգավիճակի ապոլոգետները, ատամներով պահելով խորհրդային մտածողության արմատները, որոնք այդ գաղութային կարգավիճակի հիմքն են: Արեւմտյան կրթական մոդելի մասին Սարգսյանի հայտարարությունը փաստացի հայտարարություն է նաեւ խորհրդային մոդելի անհեռանկարայնության մասին:
Դրան զուգահեռ, արդյոք Սարգսյանն այդ հայտարարությունն անում է լիովին գիտակցելով խնդրի ընդգրկումը, թե՞ արվում է նրբորեն քողարկվող նախընտրական հայտարարություն, որի նպատակն արեւմտյան հանրությանն ականջահաճո լինելն է, հաշվի առնելով ընտրական խնդիրներն ու ընտրության որակի համար որոշակի պատասխանատվությունն այդ հանրության առաջ, որի մասին Սերժ Սարգսյանը խոսել է դեռեւս 2016 թվականի փետրվարի 12-ի ելույթում:
Բանն այն է, օրինակ, որ համատեղելի չեն արեւմտյան մոդելն ու պետության հաշվին «բազեական» խրախճանքը, երբ իշխանությունը հանրային փողով փորձում է սպասարկել իշխանահաճ երիտասարդների կամ ձեւավորել այդպիսի կայուն սերունդ, որոնց ճնշող մեծամասնության համար համար խոշոր հաշվով կա մի մոդել՝ իշխանաճություն եւ պատեհապաշտություն:
Այն, որ ոչինչ չի լինում միանգամից, եւ Հայաստանում գործնականում չկա պետականության մոդելի արագ փոփոխության հնարավորություն, աներկբա է՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ: Բայց, միաժամանակ ակնհայտ է, որ չկա հնարավորի արդյունավետություն եւ դինամիկա:
Մտածողության հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի է, անկախ Հայաստանի իշխանությունից, քանի որ դրա խթանիչները համաշխարհային մասշտաբի են, հենց այն քաղաքակրթության մասշտաբի, որը մարդ արժեքի վրա հիմնված իր առաջատար մոդելների շնորհիվ կարողացել է հասնել գործնականում անմրցակից առաջատարության՝ իր բոլոր մեծ ու փոքր խնդիրներով եւ ճգնաժամերով հանդերձ: Խոշոր հաշվով, արդյունավետությունը, կենսունակությունն ու իդեալականությունը հոմանիշներ չեն:
Հայաստանի իշխանությունը կարող է նպաստել այդ հեղափոխությանը, կամ խանգարել՝ առժամանակ: Հետեւաբար, մեծ հաշվով խնդիրը նույնիսկ Հայաստանի քաղաքակրթական ընտրությունն էլ չէ, այլ իշխանության ընտրությունը՝ ընտրում է Հայաստանի մտածողության եւ քաղաքակրթական հեղափոխությունն ու խորհրդային արմատներից պոկումը արագացնելու՞, թե դրան խանգարելու տարբերակը: Հայաստանի իշխանության թե հավաքական, թե անհատական ճակատագիրը կանխորոշելու է այդ ընտրությունը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play