Մայր Աթոռ Ս. Էջմիածին են այցելել Գերմանա-հայկական ֆորումի նախագահության անդամները


Մայր Աթոռ Ս. Էջմիածին են այցելել Գերմանա-հայկական ֆորումի նախագահության անդամները

  • 30-08-2016 18:09:42   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Գերմանա-հայկական ֆորումի պատվիրակությունը` գլխավորությամբ ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի: 
Հյուրերին Մայր Աթոռում ընդունեց Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու օրհնությունը: 
 
Նաթան Սրբազանը բարձր գնահատեց երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը տարբեր ոլորտներում և, ի մասնավորի, Գերմանա-հայկական ֆորումի աշխատանքը` ուղղված երկուստեք կապերի զորացմանը: Այս առիթով Նաթան Սրբազանը խորին երախտագիտություն հայտնեց Գերմանա-հայկական ֆորումի անդամներին` Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում ունեցած կարևոր դերակատարության համար:
Նաթան արքեպիսկոպոսն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև Գերմանիայի ժողովրդի կողմից դավանվող համամարդկային հոգևոր բարձր արժեքներին և այլ պետությունների և ժողովուրդների նկատմամբ դրսևորվող մարդասիրական կեցվածքին` այս կապակցությամբ փաստելով այն ջերմ վերաբերմունքը, որ ցուցաբերվում է Գերմանիայի հայ համայնքի նկատմամբ:
Ֆորումի նախագահ Ա. Վայլերը ևս գոհունակություն հայտնեց առկա արդյունավետ գործակցության համար` կարևորելով ֆորումի գործունեությունը երկու ժողովուրդների կյանքում:
Զրույցի ընթացքում Նաթան Սրբազանը հյուրերին ներկայացրեց Հայոց Եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, ներկայիս ծառայությունը սոցիալական և կրթական ոլորտներում, երիտասարդների ներգրավվածությունը Եկեղեցու կյանքում:
Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի տնօրենը նաև պատասխանեց ֆորումի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին ընտանեկան արժեքներին, ՀՀ ԶՈՒ-ի հոգևոր առաջնորդությանը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքներին:
Հանդիպման ավարտին Նաթան արքեպիսկոպոսը բարի արդյունավորում մաղթեց ֆորումի նախագահության առաքելությանը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play