Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է կանադահայ ուխտավորներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է կանադահայ ուխտավորներին

  • 22-09-2016 17:09:07   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կանադահայ ուխտավորների` ուղեկցությամբ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի: 
 
Ներկայացնելով Կանադայի տարբեր քաղաքներից ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Հայրենիք ժամանած հայորդիներին` Աբգար Սրբազանը նշեց, որ կանադահայությունը և հայոց թեմը մշտապես մասնակից են Հայաստանի սոցիալական, հասարակական ու մշակութային կյանքին` սատարելով Հայրենիքին առկա խնդիրների հաղթահարման գործում: «Մայր Աթոռը, Հայրենիքը ոչ միայն խորհրդանիշեր են, այլև իրական կյանքի իմաստ, որով մեր հավատացյալները ապրում են», - ասաց Սրբազանը` ուխտավորների անունից հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բերելով ուխտավոր հայորդիներին, բարձր գնահատեց Սփյուռքի և, մասնավորապես, կանադահայության նվիրումն ու սերը Հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ նման այցելությունները հոգևոր վերելքի առիթ են հայորդիների համար, որոնք, ազգային, հայրենասիրական և հոգևոր իրենց զգացումները նորոգած, պիտի վերադառնան և նոր խանդավառությամբ լծվեն իրենց համայնքային կյանքի առաջընթացին:
Անդրադառնալով Հայրենիքի առջև ծառացած խնդիրներին` Վեհափառ Հայրապետը նկատեց. «Ապրել ենք և դիմակայել մեր բոլոր դժվարություններին` շնորհիվ մեր զորեղ հավատքի, առ հայրենին ունեցած մեր սիրո»: Հայրենի երկրի շինության և պայծառացման գործում Նորին Սրբությունը կարևորեց աշխարհասփյուռ հայության գործուն ու անմիջական մասնակցությունը: 
Հայոց Հայրապետը նաև ընդգծեց, որ մշտապես աղոթում է Սփյուռքի իր զավակների համար` հայցելով Տիրոջ օգնականությունն ու զորակցությունը, որպեսզի նրանք կարողանան իրենց հավատարմությունը պահել հայրենի սուրբ հողին, ազգային հոգևոր արժեքներին և ապրեն հայաշունչ կյանքով:
Եվս մեկ անգամ իր գնահատանքը բերելով կանադահայերին իրենց  հայրենանվեր, եկեղեցասեր ոգու և նվիրումի համար` Վեհափառ Հայրապետը հորդորեց նրանց` նույն հայրենասեր ոգով դաստիարակել նաև իրենց զավակներին, ջանքեր գործադրել ամեն կերպ իրենց օգտակարությունը բերելու Մայր հայրենիքին և Կանադայի հայ համայնքին:
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչներին մաղթեց, որ միշտ զորեղ մնան իրենց հավատքի, առ հայրենին ունեցած սիրո մեջ և շարունակեն շենացնել իրենց կյանքը, պայծառացնել իրենց համայնքները և Եկեղեցին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play