Կսահմանվեն կապիտալի շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը նպաստող ածանցյալ ֆինանսական գործիքներ


Կսահմանվեն կապիտալի շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը նպաստող ածանցյալ ֆինանսական գործիքներ

  • 29-09-2016 19:16:56   | Հայաստան  |  Տնտեսություն

Կառավարությունը հավանություն է տվել ««Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանում ֆինանսական գործիքների, մասնավորապես` ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի զարգացման և խթանման անհրաժեշտությամբ։
 
Օրինագծերի նպատակն է սահմանել ֆինանսական գործիքների, այդ թվում` ածանցյալ ֆինանսական գործիքների հստակ և համապարփակ կարգավորում, որը կնպաստի կապիտալի շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը Հայաստանում: Նման ֆինանսական գործարքների  կիրառումը հնարավորություն կտա ձեռնարկատերերին զսպել իրենց գործունեության հետ կապված տարբեր ռիսկեր և կունենա իր դրական ազդեցությունը Հայաստանի  տնտեսության վրա: 
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:  Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ փաթեթն արտացոլում է այն համաձայնությունը, որ ձեռք է բերվել ընդդիմադիր  գործընկերների և քաղհասարակության հետ և  ամրագրվել է որպես քաղաքական համաձայնագիր:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին: Օրենսդրական այս նախաձեռնությամբ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև միջազգային փաստաթղթերի պահանջներին` խթանելով բազմակուսակցական համակարգի հետագա զարգացմանը: Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, կդյուրացվեն և կպարզեցվեն կուսակցությունների հիմնադրման և պետական գրանցման հետ կապված հարցերը, կապահովվեն իրավական երաշխիքները կուսակցությունների պետական գրանցման անհիմն մերժումները բացառելու համար, համալիր իրավական կարգավորում կստանա կասեցման ինստիտուտը, որով կապահովվի վերջինիս գործնական կիրառությունը, կհստակեցվեն կուսակցությունների գործունեության կասեցման և արգելման արդյունքում առաջացող բացասական հետևանքները,կստեղծվեն կուսակցությունների գործունեության անխոչընդոտ իրականացման համար հավասար և ոչ խտրական պայմաններ:
Կառավարության հավանությանն է արժանացել «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները: Օրինագծով գնումների գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա` գնման գործընթացի միասնական կանոններով, մրցակցային, թափանցիկ,  համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսում, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքը կտրվի մրցութային կարգով, որը հնարավորություն կտա կազմակերպությանն ընտրելիս հաշվի առնել վերջինիս ընդերքօգտագործման ոլորտում նմանատիպ աշխատանքների փորձը, ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը, նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների  կիրառումը, միջազգային փորձի հաշվառումը և այլն: 
Գործադիրը հավանություն է տվել նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծին:  Մասնավորապես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը կարգավորելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար պետական տուրքի գանձման հստակեցված չափերը: Օրենքի ընդունմամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար սահմանվող պետական տուրքերն ու դրանց չափերը կհամապատասխանեցվեն ներկա պահանջներին ու գործող օրենսդրությանը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play