ԵՀԽ «Հավատք և կարգ» հանձնախմբի Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների խորհրդակցություն Կիպրոսում


ԵՀԽ «Հավատք և կարգ» հանձնախմբի Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների խորհրդակցություն Կիպրոսում

  • 14-10-2016 15:32:49   | Հունաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 6-13-ը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախաձեռնությամբ և Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու հրավերով Պարալիմնի քաղաքում (Կիպրոս) տեղի ունեցավ ԵՀԽ «Հավատք և կարգ» հանձնախմբի Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների խորհրդակցություն: 
 
Մասնակից շուրջ 30 աստվածաբանների և Եկեղեցիների ներկայացուցիչների քննարկման նյութը «Հավատք և կարգ» հանձնախմբի կողմից դեռևս 2012 թ. Հագիա Նապայում ներկայացված «Եկեղեցու միասնական տեսլականը» փաստաթուղթն էր և դրա վերաբերյալ ԵՀԽ անդամ Եկեղեցիների կողմից ներկայացված կարծիքները: Հիշյալ փաստաթուղթն անդրադառնում է հիմնականում Եկեղեցու դերին և առաքելությանը, ինչպես նաև արծարծում ցայսօր Քրիստոնեական Եկեղեցիների բաժանման պատճառ հանդիսացող եկեղեցաբանական խնդիրները:
Խորհրդակցությանը Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ներկայացրեցին ԵՀԽ գործադիր մարմնի անդամ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ) և «Հավատք և կարգ» հանձնախմբի անդամ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը (Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակություն):
Խորհրդակցությունը բացվեց Կոնստանցիայի Միտրոպոլիտ Ն.Ա. Վասիլիոսի (Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցի) բարիգալստյան խոսքով, ելույթներով հանդես եկան «Հավատք և կարգ» հանձնախմբի մոդերատորներ Սասսիմի Միտրոպոլիտ Ն.Ա. Գեննադիոսը (Տիեզերական Պատրիարքություն) և Դամիետտայի Միտրոպոլիտ Ն.Ա. Անբա Բիշոյը (Ղպտի Ուղղափառ Եկեղեցի):  
Ժողովականներին իր պատգամը փոխանցեց նաև ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը՝ մաղթելով խորհրդակցության մասնակիցներին արդյունավետ աշխատանք և ամենայն բարիք:
Հոկտեմբերի 9-ին, հավարտ Ս. Պատարագի, ժողովականներին Նիկոսիայի իր նստավայրում ընդունեց Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու պետ, Նովա Յուստինիանայի և Համայն Կիպրոսի արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Խրիսոստոմոս Բ-ը:
Աստվածաբանական քննարկումների արդյունքներն ամփոփվեցին առանձին փաստաթղթում, որն առաջիկային կներկայացվի ԵՀԽ «Հավատք և կարգ» հանձնախմբին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play