Աբխազիայում, ՌԴ-ում, ՀՀ-ում և ԱՀ-ում բնակվող համշենահայերը բավարար չափով տեղեկացված չեն սեփական խնդիրների մասին. Սաիդա Օհանյան (տեսանյութ)


Աբխազիայում, ՌԴ-ում, ՀՀ-ում և ԱՀ-ում բնակվող համշենահայերը բավարար չափով տեղեկացված չեն սեփական խնդիրների մասին. Սաիդա Օհանյան (տեսանյութ)

  • 21-10-2016 14:02:30   | Հայաստան  |  Հասարակություն



Համշենական տպագիր և էլեկտրոնային մամուլն Աբխազիայում, Ռուսաստանում, Հայաստանում և Արևմտյան Հայաստանում` Համշենում, ներկայացված է շատ սահմանափակ թվով, հատկապես հայերեն լեզվով. Արդյունքում համշենահայ բնակչությունը բավարար չափով տեղեկացված չէ սեփական խնդիրների ու ընթացիկ հարցերի մասին: Այս մասին Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում նշեց «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության նախագահ, «Արմինֆոկենտրոն» լրատվական-վերլուծական կայքի լրագրող-ազգագրագետ Սաիդա Օհանյանը: 
 
Ըստ նրա` այսօր գործող հատուկենտ լրատվամիջոցներն էլ գոյատվում են միայն առանձին հայրենասերների ու գործարարների ջանքերով: 
Ս. Օհանյանի կարծիքով` ստեղծված իրավիճակի շտկման հարցը պետք է լինի ինչպես համշենահայերի սփյուռքյան կառույցների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրակարգային հարցերից մեկը: 
«Համշենահայերի ամենամեծաթիվ համայնքը գտնվում է Աբխազիայում և Ռուսաստանի սևծովյան հատվածում, իհարկե, համշենահայերը խիտ ձևով ապրում են իրենց պատմական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում, որի տարածքը ժամանակավորապես օկուպացված է Թուրքիայի կողմից»,- նկատեց նա` հավելելով, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը նպաստել է համշենահայերի սփյուռքյան կառույցների բազմակողմանի կապերի հաստատմանը Ռուսաստանի և Հայաստանի հետ: 
Ս. Օհանյանի խոսքերով` իրավիճակն այլ է Աբխազիայում, որտեղ Վրաստանի հետ պատերազմի և Աբխազիայի անկախացումից հետո Հայաստանի պետական կառույցների ցանկացած գործունեություն այսօր դարձել է անհնար: 
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Աբխազիայում բնակվող համշենահայերի կապը Հայաստանի հետ ավելի սերտ է, քան Ռուսաստանի հայկական համայնքինը: 
Ս. Օհանյանը, մասնավորապես, թվարկեց կրթական, գրական- ուսումնական, առողջապահական, մշակութային, սպորտային  միջոցառումները, որոնք իրականացվում են համատեղ: 
Անդրադառնալով Թուրքիայում բնակվող համշենահայերի խնդիրներին` Ռուսաստանում և Աբխազիայում բնակվող ազգագրագետը նշեց, որ եթե վերջին երկու երկրներում համշենահայերի սփյուռքյան կառույցները կարողանում են դիվանագիտական կապեր հաստատել Հայաստանի հետ, ապա Թուրիքայում դա անհնար է: 
«Այնտեղ բնակվող համշենահայերը բռնի կերպով իսլամացվել են, ինչի արդյունքում շատ հայեր կորցրել են իրենց արմատները և ազգային ինքնությունը, ուստի մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի օգնենք մեր համշեն եղբայրներին և քույրերին վերադառնալ իրենց հայկական արմատներին»,- հորդորեց Ս. Օհանյանը:
Վերջինիս կարծիքով` դրան հնարավոր կլինի հասնել ՄԱԿ-ի պաշտոնական կառույցների, ազգային դիվանագիտության ինստիտուտների, հայկական մշակութային և կրթական օջախների և ԶԼՄ-ների արդյունավետ աշխատանքի միջոցով:  
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play