Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը. Էդուարդ Շարմազանով


Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը. Էդուարդ Շարմազանով

  • 25-10-2016 18:53:05   | Հայաստան  |  Քաղաքական

Հարգելի խորհրդարան,
 
Քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից են մնում արտաքին քաղաքական եւ անվտանգության խնդիրները, մասնավորապես ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները: Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներից հետո Ադրբեջանը փորձեց խույս տալ ձեռքբերված պայմանավորվածություններից եւ համանախագահների՝ տարածաշրջան այցին ընդառաջ դիվերսիոն փորձ կատարեց երկու ուղղությամբ՝ տակավին ձախողվելով:
 
Ադրբեջանի նման դիրքորոշումը դատապարտելի է եւ ցույց է տալիս, որ առաջին, այդ երկրի իշխանությունները պատրաստ չեն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, երկրորդ, ԼՂՀ Պաշտպանության բանակն ամբողջությամբ իրականացրեց իր վրա դրված պարտականությունները՝ հետ շպրտելով հակառակորդին: 
 
Ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ նշել, որ հայկական կողմերը դեմ են հակամարտության ռազմական լուծման ցանկացած փորձի, խնդրի լուծումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացմամբ: 
 
 
Հարգելի գործընկերներ,
 
Սակայն, արի ու տես, որ այս ամենով հանդերձ, Ադրբեջանի ղեկավարը, հարցազրույց տալով ռուսական լրատվամիջոցին, նշում է, որ Լեռնային Ղարաբաղին կարող է շնորհվել ինքնավար հանրապետության կարգավիճակ: Եվս մեկ անգամ նշեմ. Ադրբեջանը չէ Արցախին կարգավիճակ շնորհողը: Արցախն իր որոշումը կայացրել է, եւ Արցախի միջազգային ճանաչման հարցն ընդամենը ժամանակի հարց է: Ուշագրավ է, որ Ալիեւի այս հայտարարությունից ընդամենն օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնեցին Ստեփանակերտ եւ հանդիպում ունեցան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Իրենց՝ Ստեփանակերտ կատարած այցով համանախագահները ցանկացան ընդգծել, որ առանց Արցախի անհնար է առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման գործընթացում: 
 
Ավելին՝ ամերիկացի համանախագահ Ուորլիքը Երեւանում նշեց, որ խնդրի առանցքում ընկած է ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը՝ հանրաքվեի ելքով: Ադրբեջանը ստիպված է լինելու վաղ թե ուշ ճանաչել Արցախի անկախությունը:
 
Շնորհակալություն ուշադրության համար:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play