Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը. ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել


Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը. ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել

  • 27-10-2016 15:36:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
 Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը, անդրադառնալով  հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելիք 2017թ. պետբյուջեի նախագծի քննարկումներին, նշել է. «Կարևորում եմ, որ ձեր ոլորտների վերաբերյալ  ներկայացումները լինեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով և բխեն կառավարության կողմից ներկայացված ծրագրային դրույթներից:
 
Մասնավորապես՝ անհրաժեշտ է պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են ձեր ոլորտների բյուջեները: Անհրաժեշտ է հատկացված ֆինանսավորումը ներկայացնել՝ ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական և քանակական արդյունքներից ու ցուցանիշներից, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել դրանց նպատակի և անհրաժեշտության մասին: Խնդրում եմ բոլորին մաքսիմալ ուշադիր մոտենալ և պատրաստվել»:  
Այնուհետև գործադիրի ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել. «Հանձնարարում եմ Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին, համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ 15-օրյա ժամկետում Ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ  առաջարկություններ: Մասնավորապես՝
1. 2009 թ. հունվարի 22-ին ՀՀ կառավարության նիստի համար 3 արձանագրային որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման  սխեմայի վերանայում: 
2. Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր ՀԷԿ-երի կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ:
3. Բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով շահագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմների կիրառման առումով պետք է հասկանանք՝ սակագնային քաղաքականությունն այդ ոլորտում ոնց է  լինելու: Ինչին է վերաբերում այս հանձնարարականը, կարծում եմ՝ հասկանալի է: Համենայնդեպս, մենք ունենք արդեն բնապահպանական հնարավոր խնդիրներ այն գետերի վրա, որտեղ ՀԷԿ-երի քանակն ավելի շատ է նախատեսված, քան երևի պետք էր: Կարծում եմ՝ այնտեղ կան լուծումներ՝ ջրօգտագործման հետ կապված թույլտվությունների սահմանափակում: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից ակնկալում ենք, որպեսզի իրենք այս հարցին մոտենան այնպես, որ էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան: Մենք ունենք գետային ավազաններ, որտեղ փոքր ՀԷԿ-երը խիտ են դասավորված, և այնտեղ ունենք խնդիրներ»: Գործադիրի ղեկավարի հաջորդ հանձնարարականը վերաբերել է պետական տեսչություններին, կրճատումներին.  վարչապետը  Գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է  մեկշաբաթյա ժամկետում կառավարությանը ներկայացնել նախագիծ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման ոլորտում ներդրումներ ներգրավելու նպատակով հնարավոր արհեստական խոչընդոտները վերացնելու համար  Կարեն Կարապետյանը հանձնարարել է  Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքի հետ կապված նաև հողօգտագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ առաջարկություններ: «Ինչի՞ մասին է խոսքը. բիզնեսը գալիս է, ընդերքօգտագործման հետ կապված թույլտվություններն ստանում է, հետագայում հողի օգտագործման հետ կապված բազմաթիվ խնդիրներ է ունենում»,-ընդգծել է վարչապետը ՝հավելելով, որ անհրաժեշտ է  այդ դաշտը կարգավորել: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play