«Ես վճարելու եմ ոչ թե 1000, այլ՝ 10 000 դրամ». Արամ Աբրահամյան


«Ես վճարելու եմ ոչ թե 1000, այլ՝ 10 000 դրամ». Արամ Աբրահամյան

  • 17-11-2016 13:28:31   | Հայաստան  |  Վերլուծություն

aravot.am Հիշո՞ւմ եք, մի պատվարժան կին ժամանակին ասել էր. «Ինչի՞ համար հարկեր մուծեմ, որ դրանք գնան կազինոներում ծախսե՞ն»: 
 
Ասել, որ ասվածի մեջ ոչ մի ռացիոնալ հատիկ չկա, իհարկե՝ սխալ կլիներ: Բայց եկեք համեմատենք երկու իրավիճակ.
 
1/ դու մուծում ես հարկերը, պահանջում ես, որ դրանք օգտագործվեն ըստ նպատակի, եւ որեւէ այլ հարաբերություն չես հաստատում իշխանությունների հետ,
 
2/ դու նորմալ չես մուծում հարկերը, փորձում ես լեզու գտնել իշխանությունների հետ, գուցե նաեւ քո չմուծած հարկերի մի մասը կանխիկ տալիս ես նույն իշխանավորներին: Ո՞րն է պետության համար ավելի վտանգավոր:
 
Դրա համար ճիշտ մոտեցումը պետք է լինի՝ վճարիր եւ պահանջիր: Ես իմ աշխատավարձից ամեն ամիս վճարելու եմ ոչ թե 1000, այլ 10 000 դրամ՝ զոհված եւ վիրավոր զինվորների համար, հենց որ բացվի համապատասխան հիմնադրամ: Ի դեպ, իմ արած առաջարկներին ավելացնեմ մի տեխնիկական գաղափար եւս. հանգանակությանը մասնակցելու համար պետք է բավարար լինի, որ ես դիմում գրեմ իմ տնօրենի կամ հաշվապահի անունով, որ նրանք փոխանցեն այդ 10 հազարը համապատասխան հիմնադրամին, որպեսզի ես ամեն ամիս դրա վրա ժամանակ չկորցնեմ: Դարձյալ կրկնեմ՝ այն պետք է գործի կամավոր: Ես պատրաստ եմ վճարել չունեւորների, հասարակական ակտիվիստների, ընտրությունների պատրաստվող քաղաքական գործիչների, ամեն ինչի մեջ դժգոհության առիթ փնտրողների փոխարեն: Վստահ եմ, որ ինձ նման հազարավոր մարդիկ կան եւ կլինեն: Դա չի նշանակում, որ մենք ավելի շատ ենք վստահում իշխանություններին, քան քաղաքացիների վերը թվարկած կատեգորիաները: Բայց եթե առաջնորդվենք «բա որ գողանան» տրամաբանությամբ, ապա, ինչպես արդեն ասվեց, կարելի է հարկերն էլ չմուծել: Դա, իհարկե, նշանակում է, որ որոշակի պայմանավորվածությունների է պետք գալ իշխանությունների հետ, այսինքն՝ մեծացնել գողանալու հավանականությունը: Իսկ հարկերը մուծելով, հակառակը՝ լեզուս երկար կլինի: Վերջերս լրագրող ընկերներիցս մեկին «բռնացրել էին» մի խումբ թոշակառուներ եւ ավանդական հարցերի շարքում հարցրել էին՝ «էս երկիրը երբ է երկիր դառնալու»: Հարցրեցին, փրփրեցին, գոռգոռացին, իսկ հետո անցան փողոցի հակառակ մայթը: Ոչ թե 10 մետրի վրա գտնվող վերնանցումով, այլ բանուկ փողոցով՝ «մանեւրելով» ջղային ազդանշաններ տվող մեքենաների միջեւ:  
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play