Կառավարությունը հաստատել է Ճարտարապետական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագիծը


Կառավարությունը հաստատել է Ճարտարապետական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագիծը

  • 01-12-2016 18:12:25   | Հայաստան  |  Տնտեսություն

Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է Ճարտարապետական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը:
 
Դեռևս 2008 թվականին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության և Հայաստանի ճարտարապետների միության համատեղ հանձնաժողովի կողմից մշակվեց օրենքի նախագիծը: Հետագայում՝ 2012-13 թվականներին այն շրջանառությունից հանվեց:
Օրենքի նախագիծը կրկին կառավարության օրակարգ մտավ 2014 թվականին՝ նոր կառավարության ձևավորումից հետո և 2015-ից ներառվեց ՀՀ քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրների ցանկում: Օրենքի նախագիծը քաղաքաշինության նախարարության և ՃՄ համատեղ ջանքերի արդյունքում մանրամասն մշակումներից և խմբագրումներից, բազմաթիվ գերատեսչական քննարկումների և լրամշակումների փուլով անցնելուց հետո ի վերջո, այսօր կայացած նիստի ընթացքում ընդունվել է ՀՀ կառավարության կողմից:
Ճարտարապետական գործունեության մասին օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունների հստակեցման, տարբեր բարդության քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործընթացի կանոնակարգման առանձնահատկությունները սահմանելու անհրաժեշտությամբ, այն ուղղված է նպաստելու ճարտարապետական գործունեության մասնագիտական որակի բարձրացմանը, բնագավառում առողջ մրցակցության ստեղծմանը, մասնագիտական էթիկայի, ճարտարապետի հիմնական իրավունքների ու պարտականությունների սահմանմանը՝ ճարտարապետին դարձնելով հիմնական գործող անձ՝ պատասխանատվության կրող- նշել է Նարեկ Սարգսյանը օրենքի նախագիծը ներկայացնելիս: 
Նախագծի մշակման հիմնական նպատակն է ապահովել կառուցապատվող միջավայրի, շենքերի ու շինությունների հարմարավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը, ճարտարապետների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև՝ քաղաքացու և հասարակության պաշտպանվածությունը ճարտարապետության ոլորտում ոչ արհեստավարժ գործունեության բացասական հետևանքներից:
Օրենքի ընդունմամբ կստեղծվի Հայաստանի ճարտարապետների պալատ ոչ առևտրային, ոչ կառավարչական հաստատություն, որի գործունեությունը կկանոնակարգվի ինքնակարգավորման սկզբունքով: Պալատը կիրականացնի ճարտարապետների արտոնագրման և գրանցման, էթիկայի կանոնների հաստատման և դրանց կատարումը վերահսկող, ուսուցման ծրագրերի մշակման և դասընթացների պատշաճ կազմակերպման և անցկացման, պայմանագրերի օրինակելի ձևերի մշակման, աշխատանքների և ծառայությունների գնահատման մեթոդական ցուցումների և այլ գործառույթներ:
Օրենքի մշակմանը ակտիվորեն մասնակցել են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և ՀՃՄ համատեղ հանձնաժողովի անդամները՝ Մ. Մինասյանը (ՀՃՄ նախագահ), Ռ. Ալավերդյանը, Ս. Քալաշյանը, Բ. Քոչարյանը, Գ. Ազիզյանը, այլք:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play