Հայաստանը ցանցային պատրաստվածության ինդեքսի զգալի աճ է գրանցել (Տեսանյութ)


Հայաստանը ցանցային պատրաստվածության ինդեքսի զգալի աճ է գրանցել (Տեսանյութ)

  • 03-12-2016 11:26:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հայաստանում 2009թ. տվյալներով համացանցից օգտվում էր 191000 բնակիչ, 2016թ. երրորդ եռամսյակի դրությամբ ինտերնետ կապին միացած է Հայաստանի բնակչության գրեթե 60 տոկոսը:
 
ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կապի և տեղեկատվայնացման վարչության գլխավոր մասնագետ Արման Գալստյանը նշեց, որ ցանցի շարունակական բարելավման և նոր տեխնոլոգիաների տարածման արդյունքում վերջին 3 տարիներին մեր երկրում ինտերնետ օգտագործողների կայուն աճ է գրանցվում` տարեկան մոտ 5 տոկոս:
 
Գլոբալ տնտեսական ֆորումի ցեկույցի համաձայն՝ Հայաստանը ցանցային պատրաստվածության ինդեքսի զգալի աճ է գրանցել. 144 երկրների ցանկում 2013թ. 82-րդ տեղից 2016-ին բարձրանալով 56-րդ հորիզոնական:
 
Ինտերնետի զարգացմանը զուգահեռ, առաջանում են նաև նոր մարտահրավերներ. ինչպե՛ս և ի՞նչ գործիքներով պայքարել համացանցում վտանգավոր բովանդակության, կիբերտարածության մեջ կատարվող հանցագործությունների, անձնական տվյալների պահպանության իրավունքի ոտնահարման դեմ:
 
Ցանցը զարգանում է ավելի արագ, քան օրենսդիր մարմինները հասցնում են համապատասխան օրենսդրական ակտեր մշակել։ Դրանից էլ առաջանում է անհրաժեշտություն՝ ունենալ ինտերնետ կառավարման մարմին:
 
Հայաստանում որոշվեց առաջնորդվել աշխարհում ընդունված բազմաշահառու ինտերնետ կառավարման մոդելով:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գխավորությամբ 2014 թվականին ստեղծվեց Ինտերնետ կառավարման համաժողովը: Այստեղ ներկայացված են ինչպես պետական մարմիններից ու հասարակական կազմակերպություններից, այնպես էլ մասնավոր ընկերություններից 
ներկայացուցիչներ, ինտերնետ պրովայդերներ: Միջգերատեսչական այս հանձնաժողովի նպատակը կիբերտիրույթում առաջացող խնդիրներն ի հայտ բերելը, քննարկելն ու լուծումներ առաջարկելն է:
 
«Ինտերնետ հանրություն» ՀԿ ղեկավար Գրիգոր Սաղյանը, ով նաև Ինտերնետ կառավարման հանձնաժողովի քարտուղարն է, նշում է, որ հանձնաժողովի գործառույթը խորհրդատվական է: Սակայն հանձնաժողովի առաջարկությամբ և նախարարության միջնորդությամբ ընդունվեց DDos հարձակումներին վերաբերող 
որոշում:
 
«Կառավարությունն ընդունեց որոշում, որով ինտերնետ պրովայդերները պարտավորվում են պետական գերատեսչություններին տրամադրել DDos հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ»,- նշեց Գրիգորի Սաղյանը:
 
Այս տարի, հոկտեմբերին անցկացվեց Ինտերնետ կառավարման ֆորումը, որին մասնակցեցին ոլորտի բազմաթիվ շահառուներ, քննարկվեցին կիբերանվտանգությանը, ՕԹիԹի ծառայություններին և երեխաների առցանց պաշտպանությանը վերաբերող հարցեր:
 
«Մենք տեսնում ենք, թե ինչպես երեխաները առաջին դասարանից պլանշետներով գնում են դպրոց, բայց ոչ ոք նրանց չի սովորեցնում, թե ցանցում ինչպես է պետք աշխատել։ Ցանցային էթիկետի խնդիրը արդիական է նաև մեծահասակների համար»,- ասաց Ինտերնետ կառավարման հանձնաժողովի անդամ Սամվել Մարտիրոսյանը:
 
Չբացել անծանոթներից ստացված նամակները, պատահական շփումներ չհաստատել սոցիալական ցանցերում, խուսափել կասկածելի բովանդակությամբ կայքերից. այս ու բազմաթիվ այլ կանոններ նախարարությունն առաջարկում է սովորեցնել երեխաններին հենց դպրոցում: Մտահոգությունները ներկայացվել են նաև 
Կրթության և գիտության նախարարությանը:
 
«Ինտերնետից անվտանգ օգտվելու թեմայով պետք է դասաժամեր լինեն դպրոցում, սոցիալական գովազդներ տարածվեն հեռուստատեսությամբ, սոցցանցերով»,- ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:
 
Եթե բազմամիլիոնանոց Չինաստանը կարող է իրեն թույլ տալ արգելափակել «Ֆեյսբուքը», «Թվիթերն» ու «Յութուբը» կամ ունենալ սեփական արտադրության որոնողական համակարգ, ապա փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, չեն կարող գնալ արգելափակումների ճանապարհով:
 
Կիբերտարածությունում անվտանգ գոյատևելու բանաձևը գրագետ ինտերնետ օգտագործողներ ունենալն է:
 
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play