«Գյուտարարների ակումբի» նոր առաջարկները ՀՀ Կառավարության աջակցությունը ստանալու դեպքում կնպաստեն տնտեսության կտրուկ զարգացմանը (տեսանյութ)


«Գյուտարարների ակումբի» նոր առաջարկները ՀՀ Կառավարության աջակցությունը ստանալու դեպքում կնպաստեն տնտեսության կտրուկ զարգացմանը (տեսանյութ)

  • 03-12-2016 16:04:26   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Նոյյան Տապան» Հիմնադրամի նախաձեռնած «Գյուտարարների ակումբի» անդամների նոր առաջարկները ՀՀ Կառավարության կողմից աջակցություն ստանալու դեպքում կարող են նպաստել Հայաստանի տնտեսության կտրուկ զարգացմանը: Ինչպես դեկտեմբերի 3-ին կայացած հերթական քննարկման ընթացքում նշեցին գյուտարարները, իրենք ակնկալում են նոր կառավարության հետ արդյունավետ համագործակցություն, որի շրջանակներում հնարավոր կլինի Հայաստանի տնտեսությունը դուրս բերել ներկայիս ծանր վիճակից: 
 
Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» անդամ, «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը ներկայացրեց իր երկու ծրագրերը` «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիրը» և «Գյուղական բնակավայրերում արևային էներգիայով աշխատող պահածոների գործարանների ստեղծումը»: 
Ըստ նրա` առաջին ծրագիրն արդյունաբերության զարգացման համալիր էտյուդային տարբերակ է, որը խոստանում է Հայաստանը դուրս բերել միջազգային շուկայի 8 տրիլիոն դոլար ունեցող հատվածը: 
«Այս ցուցանիշը մոտ երկու հազար անգամ  ավելի շատ է, քան մեր արտաքին պետական պարտքը, ուստի մենք պետք է կարողանանք աշխատել, և երկրորդ առաջարկությունը, որը ես ներկայումս ուղարկել եմ Ուզբեկստան, Կիրգիզիա, Թուրքմենստան և Տաջիկստան, հնարավորություն կտա արևային տեխնոլոգիաներով տեղում մշակել գյուղմթերքը, ստանալ բարձր որակի արտադրանք և արտահանել այլ երկրներ»,- ասաց Վ. Համազասպյանը:
Վերջինիս խոսքերով, եթե այս տարվա տվյալներով Հայաստանի խաղողի բերքը օգտագործվեր արևային տեխնոլոգիաներով մշակված քաղցրավենիք ստանալու համար, ապա կունենայինք մինչև 600 մլն դոլարի արտադրանք: 
Գյուտարարը նաև տեղեկացրեց, որ իր երկրորդ ծրագրով հետաքրքրված են թե Արաբական Միացյալ Էմիրություններում, թե Շվեդիայում: 
Նա առաջարկում է Կառավարությանը, և հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանին կազմակերպել «Լավագույն հակաճգնաժամային ծրագիր» խորագրով մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցել Հայաստանի շատ գույտարարներ, քանի որ Վ. Համազասպյանի փոխանցմամբ` գյուտարարների կողմից մշակված ծրագրերը չեն կարող հենց այնպես նվիրվել իշխանություններին: 
«Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակը մտավախություն ունի, որ իրենց ծրագրերը կարող են վարչապետի սեղանին դրվելուց հետո հայտնվել օլիգարխների ձեռքում, ուստի պատկան մարմիններից ակնկալում է երաշխիքներ: 
Տեխ. գիտ. թեկնածու, Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի աշխտանքային խմբի ղեկավար Ստեփան Խոյեցյանն` ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի` համայնքների զարգացման բիզնես ծրագրեր ներկայացնելու առաջարկին, նշեց, որ ինքը` որպես գյուտարար, կարող է ներկայացնել այն աշխատանքները, որոնք կարող են նպաստել Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը: 
«Նախ կցանկանայի նշել, որ համայնքներում պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ գյուղացին կարողանա արդյունավետ աշխատել, այլ ոչ թե ամբողջ տարին աշխատի հետո ջրհեղեղները, ցրտահարությունները, երաշտը, հողի էռոզիան և այլ հանգամանքներ զրոյացնեն այդ աշխատանքը»,- ասաց նա` հավելելով, որ Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի աշխտանքային խումբը ստեղծել է մի այնպիսի մեքենա, որը կարող է կասեցնել ջրհեղեղները:    
Նրա կարծիքով` մինչ օրս աշխատանքներ են տարվել այդ բնական խոչընդոտների ստեղծած հետևանքները վերացնելու ուղղությամբ, մինչդեռ անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի կանխվեն առհասարակ նման երևույթները: 
Գյուտարարը վստահեցնում է, որ իրենց ստեղծած մեքենան, որը տեղանքում կտրատում է ճմաշերտը, մոտավորապես տասը սանտիմետրով փխրեցնում է հողը և հնարավորություն տալիս ջրին ներթափանցել հողի ստորին շերտեր, կարող է կասեցնել ոչ միայն ջրհեղեղները, այլև հրդեհները` միաժամանակ մեծացնելով արոտավայրերի բերրիությունը: 
Ս. Խոյեցյանի ներկայացրած մյուս աշխատանքն արևային փոքրիկ տեղակայանքն է, որը նրա համոզմամբ` հնարավորություն կտա յուրաքանչյուր ֆերմերի տեղում չորացնել մրգեր, ստանալ բարձր որակի արտադրանք: 
Ըստ գյուտարարի` նմանատիպ այլ սարքերից իրենց մշակած արևային տեղակայանքի առավելությունն այն է, որ վերջինս պտտվում է արևի ճառագայթների ուղղությամբ և կլանում է հնարավորիս շատ էներգիա: 
Ս. Խոյեցյանը նաև ներկայացրեց օրգանական պարարտանյութեր և խոտալյուր ստանալու համար անհրաժեշտ սարքավորումներն ու ծրագրային մշակումները: 
«Նոյյան Տապան» Հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» մեկ այլ անդամ, վաստակավոր գյուտարար, ակադեմիկոս, «Էկոպեռլիտ» ՍՊԸ  հիմնադիր և  տեխնիկական տնօրեն Համլետ Հակոբյանն էլ ներկայացրեց ջերմամեկուսիչ նյութերի, մասնավորապես, պեռլիտների միջոցով բնակարաններում ջերմության խնայման իրենց առաջարկը: 
«Այսօր մեր շենքերի պատերից և ծածկերից մոտավորապես ունենք երեք ատոմակայանների հզորությամբ ջերմային էներգիայի կորուստներ, այսինքն` տարեկան 1200 կ/Վտ. այդպիսի կորուստները վերացնելու և այդ քանակությամբ էներգիա խնայելու համար անհրաժեշտ է կիրառել ջերմամեկուսիչ նյութեր»,- ասաց նա` հավելելով, որ ներկայումս հայաստանյան շենքերի պատերի ջերմային դիմադրությունը նորմատիվ ցուցանիշից ցածր է 2-ից 3 անգամ:
Հ. Հակոբյանի խոսքերով` պեռլիտների հենքի վրա արտադրվող ջերմամեկուսիչները զերծ են հրդեհվելուց, ունեն բազմազան տեսականի, շուկայում առկա նմանատիպ ջերմամեկուսիչների համեմատությամբ ավելի մատչելի են, հետևաբար նրանց կիրառությունը Հայաստանում պետք է զարգացնել: 
«Նոյյան Տապան» Հիմնադրամի տնօրեն, փիլ. գիտ. թեկնածու  Տիգրան Հարությունյանը եզրափակելով «Գյուտարարների ակումբի» հերթական քննարկումը` հույս հայտնեց, որ  պետական կառույցները կհետևեն  ակումբի աշխատանքներին և կարձագանքեն անդամ գիտնակաների կողմից ներկայացվող ծրագրերին ու առաջարկներին: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play