««Ծառուկյան» դաշինքը լինելու է իշխանությանն այլընտրանք ամենամեծ, ամենալուրջ բեւեռը». Նաիրա Զոհրաբյան


««Ծառուկյան» դաշինքը լինելու է իշխանությանն այլընտրանք ամենամեծ, ամենալուրջ բեւեռը». Նաիրա Զոհրաբյան

  • 19-01-2017 13:56:41   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 «Առավոտ». ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է վայր դնել կուսակցության նախագահի եւ քաղխորհրդի նախագահի լիազորությունները 
 
– Նախօրեին քաղաքականությունից հեռացած ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին: Իր հայտարարությունից, սակայն, պարզ չդարձավ` վերադառնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությո՞ւն, կրկին ղեկավարելո՞ւ է ԲՀԿ-ն, թե՞ այլ ձեւաչափով է վերադառնում: 
 
– Ես հասկանում եմ, որ այդ հարցը շատերի համար շարունակում է մնալ հետաքրքրությունների տիրույթում: Ես վստահեցնում եմ, որ առաջիկայում բոլոր այդ հարցերի պատասխանները դուք կստանաք: Այս պահին ես իրավասու չեմ ասել ավելին, քան ասացի: Բայց վստահեցնում եմ՝ ամեն ինչ կլինի բաց, թափանցիկ, հստակ տեսանելի, եւ կարծում եմ, որ առաջիկայում նաեւ հնարավորություն կունենաք բոլոր հարցերն ուղղել անձամբ Գագիկ Ծառուկյանին: 
 
– Դուք շարունակելո՞ւ եք ղեկավարել ԲՀԿ-ն: 
 
– Կուսակցությունում մեր տեսակետը հետեւյալն է` ավելի ճիշտ կլինի, որ ես վայր դնեմ ԲՀԿ նախագահի եւ քաղխորհրդի նախագահի լիազորությունները, եւ դրանք կրկին ստանձնի Գագիկ Ծառուկյանը: Դա առաջին հերթին իմ տեսակետն է նաեւ: Լինենք անկեղծ` ԲՀԿ եւ Գագիկ Ծառուկյան անուններն, ըստ էության, նույնական են թե՛ հանրության, թե՛ կուսակցականների համար, ճիշտ կլինի, որ Գագիկ Ծառուկյանը կրկին ստանձնի ԲՀԿ-ի ղեկավարումը: 
 
– ԲՀԿ-ում իր անդամությունը սառեցրած Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ինքը կանգնելու է Գագիկ Ծառուկյանի կողքին: Կա՞ն ԲՀԿ-ում անդամությունը սառեցրած կամ ԲՀԿ-ից հեռացած մարդիկ, ովքեր նույնպես վերադառնում են: 
 
– Հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո մեր բազմաթիվ նախկին կուսակցականներ, ովքեր այս կամ այն պատճառով դուրս էին եկել կուսակցությունից, կրկին հայտ են ներկայացրել ԲՀԿ վերադառնալու համար: Ինչ վերաբերում է Իշխան Զաքարյանին, ապա հիշեցնեմ, որ նա ԲՀԿ-ի հիմնադիրներից մեկն է եղել: Երբ ստանձնեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը, նուրբ խնդիր կար` ԲՀԿ-ն կոալիցիայում էր այդ ժամանակ, նախարարներ ունեինք. որպեսզի Իշխան Զաքարյանը կարողանար անաչառությունը պահպանել, այդ պահին դուրս եկավ ԲՀԿ-ից: Կարծում եմ՝ առաջիկայում Իշխան Զաքարյանը շատ ակտիվ մասնակցություն կունենա «Ծառուկյան» դաշինքի ընտրական գործընթացներին: 
 
– Արդեն հայտնի՞ է, թե «Ծառուկյան» դաշինքում որ ուժերն են լինելու 
 
– Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել`«Ծառուկյան» դաշինքը լինելու է իշխանությանն այլընտրանք ամենամեծ, ամենալուրջ բեւեռը: Այս պահին տարբեր քաղաքական ուժերի եւ անհատ գործիչների հետ ընթանում են տարբեր հանդիպում-քննարկումներ: Անուններ այս պահին չեմ նշի: Առաջիկա տասն օրերի ընթացքում մենք կունենանք ամբողջական պատկերը թե՛ «Ծառուկյան» դաշինքի, թե՛ մնացած բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք այսօր հուզում են իմ գործընկեր լրագրողներին:
 
– ԲՀԿ-ից դուրս եկած եւ այլ քաղաքական միավորներ կազմած անձանց` «Համախմբում», «Ալյանս», «Ռեֆորմիստներ»-ի հետ է՞լ են բանակցություններ ընթանում:
 
– Մենք «Համախմբում» կուսակցության հետ ունենք շատ նորմալ, աշխատանքային եւ ընկերական հարաբերություններ: Վարդան Օսկանյանը իմ ընկերն է, Վահե Հովհաննիսյանն իմ ընկերն է, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը մեր ընկերներն են: Ես իրավասու չեմ հրապարակել, թե ո՞ր կուսակցությունների հետ են բանակցություններ ընթանում: Առաջիկայում ամեն ինչ կլինի պարզ եւ հստակ:
 
– Հստակ հայտարարություն կլինի՞, որ «Ծառուկյան» դաշինքը ընդդիմություն է:
 
– ԲՀԿ-ն ընդդիմություն է: Այսօր կա իշխանական երկու կուսակցություն` ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Մնացած բոլոր կուսակցությունները ոչ իշխանական բեւեռում են: ԲՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը գնալու են ընտրության` խորհրդարանական ընտրություններում սահմանելով ամենաբարձր նշաձողը: Ես վստահ եմ, որ այնպիսի ուժերի եւ անհատների կոնսոլիդացիա է լինելու, որոնք Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ կարողանալու են լուրջ արդյունքներ ապահովել: Իսկ նպատակը մեկն է լինելու` մեր երկրում իրականացնել լրջագույն, համակարգային բարեփոխումներ:
 
– Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք
 
: – Որեւէ բան ես չեմ բացառում: Անկախ հնչող տարատեսակ կարծիքներից, որոնց մի մասը կարող է լինել օբյեկտիվ, մի մասը` սուբյեկտիվ, Սեյրան Օհանյանը լուրջ դերակատարություն ունեցող գործիչ է: Անուններ չեմ հնչեցնի, որովհետեւ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են:
 
– Մամուլում հրապարակումներ եղան, որ Գագիկ Ծառուկյանը բացառել է Մարտուն Գրիգորյանի եւ Բազմասեր Առաքելյանի հետ հետագա համագործակցությունը: Կա՞ նման բան:
 
– Դա իրականությանը չի համապատասխանում: Մարտուն Գրիգորյանը, Բազմասեր Առաքելյանը մեր գործընկերներն են, որոնց հետ մենք երկար ճանապարհ ենք անցել, եւ ես չգիտեմ դեպք, որ նրանք Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ-ի հանդեպ որեւէ անգամ կոռեկտություն խախտած լինեն: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play