Սպանություն Երևանում. կասկածյալը ձերբակալվել է


Սպանություն Երևանում. կասկածյալը ձերբակալվել է

  • 21-01-2017 12:45:36   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևանի բնակիչ, 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի առթիվ:
 
Տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին` ժամը 20.55-ին,  Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում`  կրծքվանդակի ձախ կեսի շրջանում ծակած-կտրած վնասվածքներով:
 
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով  և ձեռնարկվել անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
 
Քննությամբ պարզվել է դեպքի պահին բնակարանում գտնված անձանց ինքնությունը, շրջանակը, փաստական տվյալներ ձեռք բերվել սպանության հանգամանքների վերաբերյալ:
 
Դեպքի վայրի զննության ընթացքում բնակարանի պատշգամբում գտնվող ծաղկամանի հետնամասից հայտնաբերվել է դանակ, որի վրա առկա են եղել արնանման հետքեր: Բացի այդ, մուտքի դռան վրայից մասնագետի կողմից վերցվել են կոշիկի ներբանի հետքեր:
 
Սպանությունը կատարելու կասկածանքով հունվարի 21-ին ձերբակալվել է նշված բնակարանի բնակիչը:
 
Նախաքննության ընթացքում առգրավվել են տուժողի և կասկածյալի հագուստները:
 
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետաքաբանական փորձաքննություններ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play