Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի անդրանիկ նիստը


Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի անդրանիկ նիստը

  • 25-01-2017 12:24:55   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի անդրանիկ նիստը:
 
Իր ելույթում Նախագահ Սահակյանն անդրադարձել է  2016 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին եւ խնդիրներին: 
Նախագահի ընդգծել է, որ  անցած տարին եղել է բավականին բարդ ու ծանր մեր հանրապետության, ժողովրդի եւ տնտեսության համար, երկրի  տնտեսական բնականոն զարգացմանը մեծ հարված է հասցրել ապրիլյան քառօրյա պատերազմը, որն իր ազդեցությունն է թողել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա: 
Նախագահ Սահակյանը նշել է, որ չնայած բոլոր բարդություններին, 2016 թվականին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը, դրական դինամիկան տնտեսության հիմնական ճյուղերում, գրանցել ՀՆԱ-ի 9 տոկոսի չափով տնտեսական աճ: 
Միաժամանակ, Նախագահը կառավարությանը հանձնարարել է խոր վերլուծության ենթարկել տարվա արդյունքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերի եւ բացթողումների վրա, որոնք տեղ են գտել աշխատանքում, եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ:
Խոսելով 2017 թվականի անելիքների մասին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ  անհրաժեշտ է բարձր մակարդակի վրա պահել տարվող աշխատանքների որակը, համակարգվածության աստիճանը,  պարտականությունների կատարումը, արդյունավետորեն օգտագործել պետական միջոցները: <<Այն ամենը, ինչ նախանշվել է եւ ընդունվել համապատասխան օրենքներով ու կառավարության որոշումներով, անհրաժեշտ է իրականացնել անվերապահորեն եւ հետեւողական կերպով>>,- նշել է ԼՂՀ  Նախագահը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play