Հայաստանի տարածքային զարգացման եւ միգրացիոն խնդիրները<br /> կլուծվեն ԵՄ-ի չափանիշներին համապատասխան<br />


Հայաստանի տարածքային զարգացման եւ միգրացիոն խնդիրները
կլուծվեն ԵՄ-ի չափանիշներին համապատասխան

  • 20-11-2009 15:54:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 20-ին կայացել է միգրացիայի եւ ապաստանի խնդիրների վերաբերյալ ազգային գործողությունների ծրագրի եւ տարածքային զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբերի համատեղ նիստը, որը վարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ըստ ԱԱԽ-ի քարտուղարի մամուլի գրասենյակի հաղորդագրության, նիստում որոշվել է 2010թ.-ին ավարտել միգրացիայի եւ ապաստանի խնդիրների վերաբերյալ ազգային գործողությունների ծրագրի մշակումը եւ սկսել դրա իրականացումը: Կարեւորելով ազգային ծրագրի ԵՄ-ի չափանիշներին համապատասխան մշակումը, Ա.Բաղդասարյանը նշել է, որ դա հնարավորություն կտա ուժեղացնել Հայաստանի պետական սահմանով մարդկանց տեղաշարժի վերահսկողության մեխանիզմները, գործուն քայլեր ձեռնարկել ԵՄ անդամ երկրներում ապրող Հայաստանի քաղաքացիների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանության ուղղությամբ: Ըստ Ա.Բաղդասարյանի, ծրագրի մշակումը հիմք կհանդիսանա ԵՄ-ի անդամ երկրների հետ վիզային պարզեցված համակարգի ձեւավորման համար: Միգրացիոն գործակալության աշխատակիցները կվերապատրաստվեն ԵՄ-ի անդամ երկրներում, ԵՄ-ի փորձագետները կաջակցեն միգրացիոն գործառույթներ իրականացնող մարմինների աշխատակիցների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը: Նախատեսվում է նաեւ ԵՄ-ի աջակցությամբ միգրացիոն գործակալության տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացում: Տարածքային զարգացման հայեցակարգը ենթադրում է տարածքային կառավարման համակարգի արդիականացում, Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների տարածքային կառավարման մարմինների միջեւ համագործակցության զարգացում, տարածքային զարգացման ծրագրերի մշակում սկզբնական փուլում` Հայաստանի մարզերի համար, որը հիմք կհանդիսանա ՀՀ տարածքային զարգացման ամբողջական հայեցակարգի մշակման համար: Ա.Բաղդասարյանը նկատել է, որ սա հնարավորություն կտա այս ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությունը բարձրացնել որակապես նոր աստիճանի:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play