Երևանում ձնամաքրման աշխատանքների ոչ պատշաճ իրականացման հետևանքով 50 տոկոսով աճել է վթարների թիվը. Տիգրան Հովհաննիսյան (Տեսանյութ)


Երևանում ձնամաքրման աշխատանքների ոչ պատշաճ իրականացման հետևանքով 50 տոկոսով աճել է վթարների թիվը. Տիգրան Հովհաննիսյան (Տեսանյութ)

  • 15-02-2017 15:19:14   | Հայաստան  |  Հասարակություն



Երևանում ձնամաքրման աշխատանքների ոչ պատշաճ իրականացման հետևանքով 50 տոկոսով աճել է ճանապարհատրանսպորտային միջոցների մասնակցությամբ վթարների թիվը, ինչի արդյունքում խոշոր չափերի վնաս են ստացել ապահովագրող ընկերությունները: Ինչպես փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյից ստացված տվյալների համաձայն` նախորդ տարվա հունվար ամսվա համեմատությամբ, այս տարի վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 75 տոկոս` աճելով 25 տոկոսով:  
 
Ըստ նրա` ավտոապահովագրական ընկերությունների 2017 թվականի հունվար ամսվա ընթացքում բավարարված դիմումների մասով վճարած հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 861 մլն դրամ: 
«Անիմաստ կլինի ընտրություններից երկու ամիս առաջ պահանջել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, բայց որ նա պետք է գոնե ներողություն խնդրի երևանցիներից, ես ճիշտ եմ համարում»,- ասաց Տ. Հովհաննիսյանը` հավելելով, որ ստեղծված իրավիճակը պարզպաես զզվելի է դարձել: 
Տ. Հովհաննիսյանի խոսքերով` ամեն օր հեռուստաեթերով հայտարարվում է խցանված փողոցների մասին, ուստի ենթադրելի է, որ «Սանիտեք»-ը Երևան եկել է միայն «փող լվանալու» համար:  
Բանախոսին զայրացնում է այն, որ քաղաքապետի պաշտոնում պաշտոնավարելու տարիներին գրեթե ոչ մի խնդիր չլուծած Երևանի քաղաքապետն այսօր ընդգրկված է Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականում: 
Տ. Հովհաննիսյանը հիշեցրեց նաև Տ. Մարգարյանի` իր բնորոշմամբ` անգործ տեղակալների մասին, մասնավորապես, Վահե Նիկոյանին նա անվանեց մտքի գող: 
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահի փոխանցմամբ` ուղևորափոխադրող ընկերությունների և տաքսի ծառայությունների վարորդները, ինչպես նաև անհատ տաքսու վարորդներն իրենց անվստահությունն են հայտնում Երևանի քաղաքապետարանին` Տ. Մարգարյանի ղեկավարությամբ և պատրաստվում են վերսկսել բողոքի ակցիաները` միաժամանակ չհստակեցնելով դրանց անցկացման կոնկրետ ժամկետները: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play