Իգնատի Առաքելյան. Պետական աջակցության ծրագրերի արդյունքում տնտեսվել են գումարներ, որոնք կուղղվեն գյուղտեխնիկայի սուբսիդավորմանը


Իգնատի Առաքելյան. Պետական աջակցության ծրագրերի արդյունքում տնտեսվել են գումարներ, որոնք կուղղվեն գյուղտեխնիկայի սուբսիդավորմանը

  • 16-02-2017 17:09:51   | Հայաստան  |  Տնտեսություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են 2017 թվականին իրականացվող պետական  աջակցության ծրագրերը և ընթացիկ խնդիրները:
 
Նախարարը նշել է, որ պետական աջակցության ծրագրերով  անցկացված մրցույթների արդյունքում ընթացիկ տարում հնարավոր է եղել գումարներ տնտեսել, որոնք կուղղվեն  նոր ծրագրի` գյուղտեխնիկայի ձեռքբերման սուբսիդավորմանը:
 
Մասնավորապես «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում տարբեր ախտորոշիչ և համաճարակային միջոցառումներ կատարելու համար պատվաստանյութերի ձեռքբերման  նպատակով նախատեսված 456 մլն դրամից  բանակցությունների արդյունքում  տնտեսվել է շուրջ 30 մլն դրամը: 
 
«Եթե նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տրամադրել էր 4 մլրդ դրամի  բյուջետային վարկ պարարտանյութ  ներկրելու և մոտ 2 մլրդ 110 մլն դրամ սուբսիդավորման համար, ապա ընթացիկ տարում պարարտանյութերի  տրամադրման ծրագրի սուբսիդավորմանը նախատեսվում է ուղղել ընդամենը 900 մլն դրամ, ինչի արդյունքում հնարավոր կլինի տնտեսել մոտ 1 մլրդ 200 մլն դրամ»,-նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
 
Նախարար Իգնատի Առաքելյանի տեղեկացմամբ` պարարտանյութերի մատակարարման մրցույթում հաղթող են ճանաչվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած Մասիսի «Բերրիություն», ռուսական «Տորգովիյ դոմ Դոնսկոյ Ագրոխիմցենտր» և իրանական պարարտանյութ ներմուծող «Բարան գրուպ» ընկերությունները: Սուբսիդավորման արդյունքում պարարտանյութը գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի նախորդ տարվա գներով:
 
Անդրադառնալով մթերման դիմաց պարտքերի վճարումներին` նախարարը նշել է, որ այս պահի դրությամբ ընդհանուր պարտքը, ըստ մթերողների ներկայացրած տվյալների, կազմում է  շուրջ 1 մլրդ 467 մլն դրամ: Նախարարը հավաստիացրել է`  Գյուղնախարարությունը մշտական կապի մեջ է մթերող կազմակերպությունների հետ և հետևում է մարումների գործընթացին, կազմված է մարումների ժամանակացույց, համաձայն որի մինչև հունիս ամիս պարտքերի 90 տոկոսն արդեն մարված կլինի (փետրվարին` շուրջ  586 մլն, մարտին` 415 մլն, ապրիլին` 160 և այլն):
 
Իգնատի Առաքելյանը լավ նորություն ուներ «Վինար» ընկերության  պարտատերերի համար.  նրանք շուտով ամբողջությամբ կստանան իրենց հասանելիք գումարները: Դատախազությունից, որը Գյուղնախարարության միջնորդությամբ քննում է «Վինարի» գործը,  օրերս տեղեկացրել են, որ այս պահին գործարանի պահեստներում առկա  է 12 հազար դեկալիտր սպիրտ, որը ՊԵԿ-ի քննչական վարչությունը կապարակնքել է, իսկ այդ քանակը բավարարում է, որպեսզի գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերն ամբողջությամբ մարվեն: Նախարարի խոսքով` մի քանի օր ժամանակ  է  տրվել ընկերությանը իրացումը կազմակերպելու համար, և եթե «Վինարը» սպիրտը չիրացնի, ապա նախարարությունը դարձյալ կմիջամտի և կկազմակերպի  վաճառքը:
 
 Նախարարի տեղեկացմամբ` հաջորդ շաբաթ գյուղտեխնիկայի տրամադրման ծրագիրն արդեն կներկայացվի քննարկման, նախատեսվում է ապահովել շատ ցածր տոկոսադրույքներ, որպեսզի բոլոր վարկունակ գյուղացիական տնտեսությունները, կոոպերատիվները, համայնքներն առանց սահմանափակումների կարողանան ձեռք բերել իրենց անհրաժեշտ տեխնիկան: 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play