«Քաղաքական վտանգներից խուսափելու համար ընտրել ենք կառավարման նախագահական համակարգը».ԼՂՀ վարչապետ


«Քաղաքական վտանգներից խուսափելու համար ընտրել ենք կառավարման նախագահական համակարգը».ԼՂՀ վարչապետ

  • 20-02-2017 17:31:36   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գործող կառավարման համակարգը կիսանախագահական է, որն ունի քաղաքական վտանգներ. դրանցից խուսափելու համար մենք ընտրել ենք կառավարման նախագահական համակարգը:
 
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը մասնակցելուց հետո, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԼՂՀ և ՀՀ կառավարման ձևերի տարբերությանը:
 
«Սահմանադրությունը խորն ուսումնասիրելուց հետո բոլորին պարզ կդառնա, որ ժողովրդավարական առումով Արցախի Հանրապետության առաջարկվող Սահմանադրությունը հետ չէ պառլամենտական որևէ երկրի Սահմանադրությունից: Տարբերությունը մեր երկու երկրների Սահմանադրությունների միջև այն է, որ ՀՀ Սահմանադրության գործելուց հետո գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է լինելու, իսկ Արցախում՝ նախագահը, որն ընտրվելու է ժողովրդի կողմից: Պառլամենտարիզմի առումով՝ պառլամենտին տրված են բավականին մեծ լիազորություններ, և հակակշռող ու զսպող մեխանիզմները նույնպես նախատեսված են դրանում»,- ասել է Ա. Հարությունյանը:
 
ԼՂՀ վարչապետը նաև նշել է, որ Արցախում ընտրել են այնպիսի կառավարման մոդել, որ ինչքան հնարավոր է՝ խուսափեն քաղաքական ռիսկերից:
 
«Ժողովրդին պետք է տրվի ավելի մեծ լիազորություն, և ժողովրդի ընտրությամբ պետք է կառավարման մոդելը ավելի հեշտ փոփոխվի: Գործող մոդելը դա թույլ չի տալիս, իսկ առաջարկվող մոդելը ավելի արդյունավետ է, պառլամենտարիզմի կառավարման բոլոր պայմանները նախատեսած, իհարկե, նաև ունենալով նախագահ, որը գործադիրի ղեկավարն է: Սակայն դա չի նշանակում, թե իշխանությունը գերկենտրոնացված կլինի մեկ անձի շուրջ: Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա այն պայմանավորված է կայունությամբ. մեզ պետք է կայունություն»,- հավելել է Ա. Հարությունյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play