Շենգավիթի դատարանի առջև է կանգնել նույն դատարանի դատավորը


Շենգավիթի դատարանի առջև է կանգնել նույն դատարանի դատավորը

  • 08-03-2017 17:05:30   | Հայաստան  |  Վերլուծություն

 
 
Հայաստանում դատավորների կողմից կաշառակերությունը և կոռուպցիայի մյուս դրսևորումներին տուրք տալը զանգվածային կամ գրեթե զանգվածային բնւյթ ունեն, սակայն չափազանց քչերի հանցավոր և անթույլատրելի արարքներն է, որ բացահայտվում են, չափազանց քչերն է, որ պատժվում են կամ ենթարկվում գոնե կարգապահական պատասխանատվության:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Իշխան Բարսեղյանը 1999 թվականից զբաղեցնելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Խոսքը 1000 ԱՄՆ դոլարի մասին է:
Նույն քր. գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Էլզա Զաքարյանին այն բանի համար, որ նա կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով, կատարել է կաշառքի միջնորդություն:
Իրեղեն ապացույցների թվում են 1000 ԱՄՆ դոլարը, բամբակե խծուծները, քիմիական մատիտն ու քիմիական փոշին, Ի. Բարսեղյանի մոտից հայտնաբերված և առգրավված 2 բջջային հեռախոսները, 5 լազերային սկավառակները և այլն: Ուշագրավ է, որ արդեն ամբաստանյալի կարգավիճակում գտնվող Ի. Բարսեղյանին դատում են հենց այն նույն դատարանում (Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան), որտեղ ոչ վաղ անցյալում դեռ աշխատում ու դատում էր նա` դատավոր Իշխան Բարսեղյանը: 
 Եթե նրան ներկայացված ամբաստանությունը օրինական ուժի մեջ մտած դատավճռով վերջնականապես ապացուցվի, հիմնավորվի, ապա այլ դատավորների ուղղակի կարելի է ասել` Իշխան Բարսեղյանի պես մի վարվեք կամ նրա նման կաշառքով մի դատեք, որ չդատվեք: Իմացեք, որ ապահովության, անձեռնմխելիության այն երաշխիքը, որը կարծում եք, որ ունեք, իդեալական չէ, հարաբերական է, փորձված աղվեսն էլ, ինչպես ժողովրդական առածն է ասում, զույգ ոտքով է թակարդն ընկնում:
Վերը նշված արարքների համար Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 4-րդ մասի 3-րդ կետի, իսկ Էլզա Զաքարյանին` 313-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 1-ին մասի հատկանիշներով: Ի. Բարսեղյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ հրապարակված ԶԼՄ-ներում, Ի. Բարսեղյանը, մինչ բռնվելը կամ կալանավորվելը, խաղատներ հաճախ է այցելել, նաև թաքնվել է պարտքատերերից` պարտքերի վճարումից խուսափելու համար: Նա առաջին անգամ չէ, որ հայտնվել է դատական սկանդալի մեջ: 2014թ. սեպտեմբերին հայաստանյան բանկերից մեկը ստիպված է եղել քաղաքացիական հայց է ներկայացնել դատարան՝ պահանջելով իր վարկային պարտավորությունները չկատարած դատավորից բռնագանձել 1 177 750 դրամ:
Դեռ 2015թ. հունիսին ՀՀ դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ դատավորին բոլորովին այլ խնդրի առնչությամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն, նիստն անհասկանալի պատճառով հետաձգվել է, իսկ հետագայում արդարադատության խորհուրդը, կարծում եմ, հովանավորչական վերաբերմունք դրսևորելով, որոշել է Ի. Բարսեղյանին չպատժել:
Հիմա, ինչպես ասում են, բանը բանից անցել է, իրավապահները ծածկադմփոցի անելու հնարավորություն չեն ունեցել կամ էլ Ի. Բարսեղյանի պարագայում չեն ունեցել այդ ցանկությունը:
 
Արթուր Հովհաննիսյան

 

 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play