Հարավային Կովկասի մոռացված փախստականները շվեյցարացի լուսանկարչի աչքերով (տեսանյութ)


Հարավային Կովկասի մոռացված փախստականները շվեյցարացի լուսանկարչի աչքերով (տեսանյութ)

  • 18-03-2017 20:52:27   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ազգություն չճանաչող մարդկային ճակատագրեր, որոնց տանջում է սեփական երկրից ու բնակավայրից ստիպողաբար հեռանալու ցավը: Նրանց մեկ բառով աշխարհում անվանում են փախստականներ: Հենց այս մարդկանց է նվիրված  Երևանի պետական համալսարանում բացված լուսանկարների ցուցահանդեսը, որը կրում է «Սահմաններից այն կողմ՝ Հարավային Կովկասի մոռացված փախստականները» խորագիրը: Ցուցահանդեսի հեղինակը Շվեյցարիայում Բեռնի համալսարանի դասախոս, սոցիալական աշխատող Յան Ցուկլինսկին է: 
«Այս նկարներում փախստականներ են, որոնց լուսանկարել եմ Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Հարավային Օսեթիայում: Նկարները ցույց են տալիս այն մարդկանց, ովքեր կոնֆլիկտների արդյունքում փախստականի կարգավիճակ են ստացել, կամ այսպես կոչված ներքին տեղահանված են դարձել սեփական երկրներից»,- «Նոյյան Տապապանի» թղթակցի հետ զրույցում նշեց Յ. Ցուկլինսկին:
Վերջինիս խոսքերով՝ 2014 թվականին արված շուրջ 20 հազար լուսանկարների նպատակն է ցույց տալ Արևելյան Եվրոպայի բնակչությանը, որ Կովկասի տարածաշրջանում ապրում են փախստականներ, որոնց մասին շատերը չգիտեն:   
«Սահմաններից այն կողմ՝ Հարավային Կովկասի մոռացված փախստականները» խորագրով ցուցահանդեսն առաջին անգամ ներկայացվել է Թբիլիսիում, ապա նաև Բեռն, Ցյուրիխ, Բեռլին, Լայպցիգ, Չեմնից և Նյու Յորք քաղաքներում: Ի դեպ` շվեյցարացի լուսանկարիչը ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուց հետո չի պատրաստվում այլևս Ադրբեջան այցելել` մտավախություն ունենալով, որ նույնը կկատարվի իր հետ:  
Խոսելով իր հերսներից` Յան Ցուկլինսկին առանձնացրեց հատկապես Երևանում հանդիպած 94-ամյա պապիկին, ով Բաքվից Հայաստան եկած հազարավոր փախստականներից մեկն է: 
«Այս տարեց մարդու հետ երկար եմ խոսել, ծանոթացել եմ նրա կյանքի գրեթե յուրաքանչյուր դրվագին Համակենտրոնացման ճամբարի ազատագրմանն իր մասնակցությունից մինչև մեր օրեր: Նրա կյանքի նպատակն է, որպեսզի Երևանում բնակվող յուրաքանչյուր մարդ մեկ ծառ տնկի ու Երևանը դարձնի աշխարհում համար մեկ կանաչ քաղաքը»,- ասաց նա: 
Հայաստանում փախստականների թեմային նվիրված ցուցահանդեսի կազմակերպիչներն են Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան և Երևանի պետական համալսարանը: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն