ՀՀ սփյուռքի, Մշակույթի և Առողջապահության նախարարները ստորագրեցին համատեղ հրամաններ


ՀՀ սփյուռքի, Մշակույթի և Առողջապահության նախարարները ստորագրեցին համատեղ հրամաններ

  • 23-03-2017 15:50:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 23-ին Սփյուռքի նախարարությունում ՀՀ սփյուռքի, ՀՀ մշակույթի և ՀՀ առողջապահության նախարարները ստորագրեցին  համատեղ հրամաններ:
 
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ստորագրեցին համատեղ հրաման՝ Հայաստան-Սփյուռք գործակցության, առողջապահության բնագավառում Սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացման, Սփյուռքում հայապահպանության օժանդակման, Հայաստանում և Սփյուռքում միջոցառումները համատեղ ու արդյունավետ իրականացնելու վերաբերյալ: 
 
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ստորագրեցին համատեղ հրաման՝ Հայաստան-Սփյուռք գործակցության, մշակութային համագործակցության զարգացման, սփյուռքում հայկական մշակույթի տարածման և հայակական արժեքների քարոզման, հայապահպանության օժանդակման և հայրենասիրության սերմանման, ինչպես նաև Հայաստանում և Սփյուռքում մշակութային ոլորտում միջոցառումները համատեղ ու արդյունավետ իրականացնելու վերաբերյալ:
 
Ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը համակարգելու նպատակով գործելու են համակարգող հանձնաժողովներ: 
 
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  նշեց. «Հայաստանի Վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս նշել է, որ Սփյուռքի  անմիջական մասնակցությամբ Հայաստանը հնարավորություն կունենա արագ արդյունքներ արձանագրելու առանցքային ոլորտներում և տարածաշրջանում ունենալու տնտեսական, առողջապահական, կրթական, մշակութային առաջատար համակարգեր: Այսպիսի համատեղ հրամանների ստորագրումով մենք պիտի փորձենք գտնել նոր կառուցակարգեր և ճանապարհներ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Սփյուռքի ներուժը Հայաստանում օգտագործելու և Սփյուռքում հայապահպանությունն իրականացնելու ուղղությամբ»:
 
Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Մշակույթի և Առողջապահության նախարարներին՝ համագործակցելու  պատրաստակամության համար:
 
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ևս շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին նման նախաձեռնության համար՝ նշելով. «Այս հրամանները ենթադրում են հստակ գործողությունների ծրագրեր, և մի քանի ամիս անց մենք արդեն կխոսենք արդյունքների մասին»:
 
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարևորեց Հայաստանի անկախության տարիներին Սփյուռքի հայ մասնագետների, բժիշկների դերը՝ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում: «Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան՝ հայ բժիշկների և բուժակների համար նորանոր աշխատատեղեր ստեղծելու համար», - հավելեց նա:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play