ՊՆ զորամասից վառելիքի յուրացման գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ հրամանատարին.ՀՔԿ


ՊՆ զորամասից վառելիքի յուրացման գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ հրամանատարին.ՀՔԿ

  • 23-03-2017 17:04:55   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Շիրակում տեղակայված N զարամասից վառելիքի հափշտակությունը։ Մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, այդ թվում նաև՝ զորամասի հրամանատարին:
 
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2016թ. մայիս- օգոստոս  ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասից կատարվել է խոշոր չափերի հասնող վառելիքի յուրացում, վատնում:
 
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է զորամասին հատկացված վառելիքի հափշտակության եղանակը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ հափշտակված վառելիքը մատչելի գներով իրացվել է Գյումրիում գործող բենզալցակայանում, բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
 
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, որոնց թվում՝ զորամասի հրամանատարին, պահեստապետին, անհատ ձեռներեցին և այլոց։
 
Մասնավորապես՝ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մ.Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով,
զորամասի պահեստարանի պետ Ա.Յայլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,  2-րդ, 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով,
զորամասի ուսումնական մասի դասախոս Լ.Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով,
անհատ ձեռներեց Մ.Գալստյանին, վարորդին և իրացնողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով։
 
Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play