Վարչապետը հորդորեց թիմակիցներին աշխատել արտակարգ ռեժիմով


Վարչապետը հորդորեց թիմակիցներին աշխատել արտակարգ ռեժիմով

  • 06-04-2017 11:36:16   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ընտրություններն անցել են հանդուրժողականության մթնոլորտում, մեր թիմը ստացել է երկրում փոփոխություն իրականացնելու քվեն, այդ իսկ պատճառով թիմակիցներին հորդորում եմ աշխատել արտակարգ ռեժիմով: Այսպես սկսեց ապրիլի 6-ին կայացած ՀՀ կառավարության նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը: 
Վերջինս մինչև նիստի օրակարգին անցնելը, հանդես եկավ հանձնարարականներով: 
Մասնավորապես, առաջին հանձնարարականը վերաբերում էր կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման հաշվետվության վերաբերյալ: 
«2016 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովը հավանություն տվեց մեր կողմից մշակված կառավարության ծրագրին. հաշվի առնելով, որ կարճաժամկետ միջոցառումների համար սահմանված ժամկետն ավարտվել է և առկա են նոր միջոցառումների ու գերակա խնդիրների մշակման նոր կարգի անհրաժեշտություն»,- ասաց նա: 
Վարչապետը հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց. Առաջին. Մեկ շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 2016 թվականի կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման վերաբերյալ հաշվետվություն: 
Երկրորդ. Մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտային զարգացման հինգ տարվա ծրագիր՝ մանրամասնելով առաջիկա տարվա հիմնական ուղղությունները, միջոցառումները և գերակա խնդիրները՝ հստակ նշելով դրանց կատարման իրատեսական ժամկետները: 
Երրորդ. Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի կարևորությունը և անհրաժեշտությունը՝ ոլորտային զարգացումների և իրականացված գործողությունների վերաբերյալ հանրությանը պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play