Կմշակվի երթուղային ցանցի նոր տարբերակ՝ մարզերում նախատեսված ուղևորափոխադրումների համար
06-04-2017 12:33:21 | Հայաստան | Հասարակություն
Ապրիլի 6-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի 2-րդ հանձնարարականը վերաբերում էր նոր մարզային երթուղային ցանցին և ճանապարհաշինությանը:
Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ, 97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով։
Գործադիրի ղեկավարի խոսքերով՝ նման պայմաններում խիստ անհրաժեշտ է համարում հանրապետությունում երթուղային ցանցի, մասնավորապես, ներմարզային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը:
«Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարում եմ 3-շաբաթյա ժամկետում ամփոփել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության և մարզերի համար նախատեսված ուղևորափոխադրման երթուղային ցանցի նոր տարբերակ, որի պարագայում կլուծվի նշված նաև 97 բնակավայրերի ներմարզային երթուղիներով, ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներով սպասարկման հարցը»,- ասաց նա՝ հավելելով, որ ժամանակն է սահմանել խնդրի լուծման հստակ վերջնաժամկետները:
Կ. Կարապետյանը նաև հանձնարարեց 3-շաբաթյա ժամկետում ակտիվացնել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պետական բյուջեից և վարկային ծրագրերով ֆինանսավորվող շինարարական և վերականգնողական աշխատանքները և Կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2017 թվականին նախատեսված աշխատանքների վերաբերյալ:
Վերոնշյալ հանձնարարականի երրորդ կետով Վահան Մարտիրոսյանը պարտավորվեց 1-ամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ ճանապարհների շինարարության և պահպանման» հիմնադրամի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, և ներկայացնել առաջարկություն նշված հատուկ հիմնադրամը ֆինանսական ռեսուրսների ապահովման և հնարավոր աղբյուրների վերաբերյալ: