Ում միջև է բանակցությունը՝ ուժերի՞, թե՞ ՀՅԴ-ի և Սերժ Սարգսյանի


Ում միջև է բանակցությունը՝ ուժերի՞, թե՞ ՀՅԴ-ի և Սերժ Սարգսյանի

  • 13-04-2017 12:14:15   | Հայաստան  |  Վերլուծություն

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախօրեին հաստատել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարությունը ՀՀԿ-ՀՅԴ բանակցության մասին՝ կապված նոր խորհրդարանի ընտրությունից հետո կոալիցիոն գործընկերության շարունակության հետ: Մանրամասներ սակայն Շարմազանովը չի ներկայացրել և պարզ չէ, թե ինչի շուրջ են բանակցում երկու ուժերը: Շարմազանովը միայն նշել է, որ չի քննարկվում վարչապետի հարց, քանի որ իրենց թեկնածուն Կարեն Կարապետյանն է: ՀՀԿ-ՀՅԴ բանակցության մասով սակայն դեռ հարց է, թե իրականում ում միջև է այդ բանակցությունը՝ ուժերի՞, թե՞ ՀՅԴ-ի և Սերժ Սարգսյանի, այսինքն՝ քաղաքական ուժի և անձի:
 
Բանն այն է, որ ՀՅԴ-ն իսկապես քաղաքական միավոր է, անկախ այդ միավորի վարքագծի շուրջ գնահատականներից և գաղափարախոսության հանդեպ համակրանքից: ՀՅԴ-ն քաղաքական միավոր է, որտեղ չկա միանձնյա կառավարում: Այլ հարց է ՀՀԿ-ն, որտեղ իրականում Սերժ Սարգսյանն է և վերջ, մյուսների համար խնդիրը ընդամենը անձնական ֆինանսատնտեսական շահերն ու անվտանգությունն են: Այդ համատեքստում այդքան էլ ճիշտ չէ ասել, որ բանակցում են ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Բանակցում են ՀՅԴ-ն ու Սերժ Սարգսյանը: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն նույնական չեն անգամ հարաբերությունների ուղղահայացի տեսանկյունից, քանի որ ինչ է Սերժ Սարգսյանը՝ պարզ է, իսկ ինչ է ՀՀԿ-ն՝ ոչ այնքան: Օրինակ՝ ՀՀԿ-ն նաև Կարեն Կարապետյանն է, բայց արդյո՞ք Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը նույնական են իրենց քաղաքական հեռանկարների և շահերի տեսանկյունից: Կամ, նույնակա՞ն են արդյոք Կարեն Կարապետյանն ու նրա կառավարության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը ևս ՀՀԿ է:
 
Եթե Սերժ Սարգսյանը կոալիցիա էր կնքել ՀՅԴ հետ, ապա Կարեն Կարապետյանը իր վարչապետ նշանակվելուց ի վեր ՀՅԴ նախարարների հետ բավական թափանցիկ դիմակայության մեջ էր և առիթը բաց չէր թողնում նրանց դիտողություն անելու համար: Կարեն Կարապետյանի հարցը ՀՅԴ-Սերժ Սարգսյան բանակցությունը չի քննարկում, բայց չի քննարկում ընդհանրապե՞ս, թե՞ առայժմ՝ մինչև 2018 թվականը, երբ հարցերը արդեն այլ բնույթ կստանան և ՀՀԿ-ում կրկին քվեարկության է դրվելու վարչապետի հարցը: Իսկ ՀՀԿ-ն չի հայտարարում, թե միարժեք է, որ Կարեն Կարապետյանը նաև 2018 թվականի վարչապետն է: Այյդպիսով ակնհայտ է, որ ՀՀԿ չկա և ՀՅԴ-ն ուղղակի չի կարող բանակցել ՀՀԿ-ի հետ: ՀՅԴ-ը բանակցում է Սերժ Սարգսյանի հետ, ՀՀԿ-ն իրականում ընդամենն այդ բանակցության առարկան է, քանի որ ՀՅԴ-ը Սերժ Սարգսյանի կոալիցիոն գործընկերն է, ընդդեմ ՀՀԿ-ի, որտեղ Սերժ Սարգսյանը նաև ՀՅԴ-ի օգնությամբ փորձելու է լուծել իր իշխանության հարցը: ՀՅԴ-ի հետ կոալիցիայով Սարգսյանը մի վարչապետի հարց արդեն լուծել է՝ հասնելով նրա հեռացմանը ոչ միայն պաշտոնից, այլ նույնիսկ ՀՀԿ-ից:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play