Նախարարը Մինսկում հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության քարտուղարի հետ

20-04-2017 13:22:06   | Բելոռուս  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկ կատարած այցի ընթացքում հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոյի հետ:
 

Երկկողմ հանդիպման ընթացքում ՀՄՄ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի հետ սերտ համագործակցությունը, քննարկվել են հետագա գործակցության հեռանկարները:
 
Նա նաև կարևորել է Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը միության աշխատանքներին, մասնավորապես, բարձր մակարդակի մասնակցությունը առաջիկա միջոցառումներին, այդ թվում` հունիսին Ժնևում կայանալիք Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովին (WSIS):
 
Նախարարի առաջարկությամբ քննարկվել է Հայաստանում հեռահաղորդակության միջազգային կոնֆերանսի կազմակերպման հնարավորությունը:
 
Կողմերը քննարկել են նաև ոլորտի զարգացման հիմնախնդիրներն ու մարտահրավերներն աշխարհում և մասնավորաբար Հայաստանում:
 
Նկատի ունենալով, որ Հայաստանը տարածաշրջանում հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկն է, խոսվել է մեր երկրի դերի որոշակիացման մասին` որպես միության հետ համագործակցության տարածաշրջանային կենտրոն:
 
Հոուլին Ժաոն սիրով ընդունել է նախարար Վահան Մարտիրոսյանի` Հայաստան գալու հրավերը:
 
Հայաստանը Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ է 1992 թվականից:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից