Սևանի սոցիալական գործակալության պետին ազատել են աշխատանքից.«Հետք»


Սևանի սոցիալական գործակալության պետին ազատել են աշխատանքից.«Հետք»

  • 01-05-2017 12:07:38   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գեղարքունիքի մարզի սոցիալական աջակցության Սևանի տարածքային գործակալության պետ Լևոն Պետրոսյանը «Հետքի» հրապարակումից հետո ազատվել է աշխատանքից, իսկ տեսուչ Հուսիկ Ենոքյանին խիստ նկատողություն է տրվել: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Վերջինս ավելացրել է, որ իր ունեցած տվյալներով՝ իրավապահ մարմինները նյութեր են նախապատրաստում դեպքի վերաբերյալ:
 
Խոսքը մարտի 29-ին «Ասեց՝ էդ հոդվածը վեկալեք իմ վրայից, ասեք, որ ինչ-որ թյուրիմացություն է եղել» վերնագրով հրապարակման մասին է: Անասնագոմին կից հացատանն ապաստանած Մարատ Քառյանի ընտանիքը 3 ամսվա սոցիալական նպաստը չէր ստացել: Մարատն ու կինը՝ Արմինե Գրիգորյանը, մեզ պատմել էին, որ Սևանի տարածքային գործակալության աշխատակից Հուսիկ Ենոքյանը 3 ամսվա «կանխավճար է» ուզել՝ ընտանիքի նպաստը դասավորելու համար: Մեկ ամսվա նպաստը 37.500 դրամ է: Քառյանները հրաժարվել էին առաջարկից, և մինչ օրս այդ երեք ամսվա նպաստը չեն ստացել:
 
Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ասում է, որ մինչ այս հրապարակումը Լևոն Պետրոսյանին տրվել էր կարգապահական տույժ, ավելի կոնկրետ՝ վերջին նախազգուշացմամբ խիստ նկատողություն: Մարզպետն ասում է, որ օրենսդրությամբ գործակալությունը պարտավոր էր սոցիալապես անապահով ընտանիքներին գտնել և ընդգրկել ցանկում: Քանի որ գործընթաց է սկսվել, Ռ. Գրիգորյանն այս պահին ճիշտ չի համարում խախտումներն առանձանցնելը:
 
«Հետքի» հրապարակումից հետո, ըստ մարզպետի, Լևոն Պետրոսյանի հարցով քննարկում է եղել մարզպետարանում, ինչից հետո էլ որոշվել է նրան ազատել աշխատանքից:
 
Հոդվածի հրապարակումից հետո մարզպետարանի աշխատակիցներն այցելել են Քառյաններին: «Այդ ընտանիքը մեր ուշադրության կենտրոնում է: 100 հազար դրամի չափով միանվագ ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել»,- նշում է Ռ. Գրիգորյանը:
 
Մարզպետը նաև չի բացառում, որ հնարավոր է հետագայում լուծեն նաև Քառյանների տան հարցը՝ ավելացնելով, որ չի ցանկանում առաջ ընկնել:
 
Ռաֆիկ Գրիգորյանն ասում է, որ «Հետքի» հրապարակումից հետո բողոք-նամակներ են սկսել ստանալ նաև Մարտունու տարածքային գործակալության վերաբերյալ: Նամակագիրները նշել են, որ Սևանում տեղի ունեցողի նմանօրինակն այստեղ է: Ըստ մարզի ղեկավարի, ով Մարտունու Ձորագյուղ համայնքից է՝ ինքն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին: Նշում, էր Մարտունու գործակալության պետը երեք տարվա ընթացքում երեք կարգապահական տույժ էր ստացել, ու վերջերս սևանցի գործընկերոջ պես ազատվել է աշխատանքից:
 
Հարցին, թե ազատված պետերի կողմից արդյոք փորձեր արվում են աշխատանքի վերականգնվելու համար, Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանում է. «Փորձ անում են, բայց կարծում եմ՝ չեն կարողանա: Որպեսզի չհայտնվեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, երկուսն էլ իրենց դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից: Իրենք փորձում են, երևի խորհդրատուներ ունեն, բայց համոզված եղեք՝ չեն վերականգնվելու»:
 
Մարզպետը համաձայն է, որ Քառյանների բողոքն առաջինը չէր, բայց նշում է, որ բնակիչները ոչ բոլոր դեպքերում են ահազանգում: Ըստ նրա՝ քանի որ նման պարագայում քրեական տարր կա, շատերը խուսափում են բողոքել:
 
Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանի փոխանցմամբ՝ ոստիկանությունը Սևանի սոցիալական գործակալության վերաբերյալ նյութերն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե:
 
Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի (Քառյանների որդիներից Կամոն ու Ռաֆայելը)
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play