«Այս ամենը Ծառուկյան Գագիկի դեմ է».Մուշեղ Սաղաթելյանը՝ «Ծառուկյան դաշինք»-ում եղած պայմանավորվածության մասին


«Այս ամենը Ծառուկյան Գագիկի դեմ է».Մուշեղ Սաղաթելյանը՝ «Ծառուկյան դաշինք»-ում եղած պայմանավորվածության մասին

  • 05-05-2017 17:14:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թեկնածուները նախապես խոստացել էին, որ իրենք կարող են «բերել» 10-20 հազար ձայն, իսկ եթե չհավաքեն խոստացած քանակի ձայներ՝ ինքնաբացարկ կհայտարարեն, ընտրությունների արդյունքում հավաքեցին 2-3 կամ 7-8 հազար ձայն:  «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում, անդրադառնալով «Ծառուկյան դաշինք»-ի թեկնածուների ինքնաբացարկի դիմումներին, այս մասին հայտարարել է «Ծառուկյան դաշինք»-ի ռեյտինգային թեկնածու Մուշեղ Սաղաթելյանը՝ պարզաբանելով, որ նախապես եղել է պայմանավորվածություն:
 
«Ես ազնվությամբ ասում եմ՝ չեմ կարդացել: Անձնական տվյալները տալու ընթացքում է եղել՝ ինքնակենսագրություն, կրթության մասին տվյալներ և այլն: Ասել են՝ այստեղ ստորագրեք, այստեղ, նոտարի մատյանում ստորագրեք: Բայց դա էլ է մի քիչ տարօրինակ, որ նոտարի կողմից չի մեկնաբանվում, որ ստորագրում եք ինքնաբացարկի դիմում, որ ուղարկելու ենք ԿԸՀ: Մարդ ես, ներկայացնում ես փաստաթղթերդ, լարվածության տակ ստորագրում ես: Ստիպելու կամ պարտադրելու ոչ մի առիթ չի եղել, նույնիսկ խոսակցություն չի եղել, որ սա ինքնաբացարկի փաստաթուղթ է: Տվել են լրացված թուղթ՝ ստորագրել ենք»,- ասել է «Ծառուկյան դաշինք»-ի թեկնածուն:
 
Նա նշել է նաև, որ այդ հին պատգամավորներից շատերն իմացել են, թե ինչի համար են ստորագրում, այնուհետև հետ են վերցրել դիմումները՝ պատճառաբանելով, թե չեն կարողանում կապ հաստատել Գագիկ Ծառուկյանի հետ: Մուշեղ Սաղաթելյանը նշել է, որ դա անհավանական է, քանի որ, եթե Գագիկ Ծառուկյանն իրենց թույլ է տվել թեկնածություն դնել «Ծառուկյան դաշինք»-ի անունից, սատարել է, ուրեմն այնպիսի հարաբերություններ է ունեցել նրանց հետ, որ կապ հաստատելը, գոնե մեկ-երկու օրվա ընթացքում, հաստատ հնարավոր կլիներ: Ինքը հանդիպել ու երկար զրուցել է Գագիկ Ծառուկյանի հետ:
 
«Լավ, մի կողմ, թե ինչպես են կազմակերպել դիմումների ստորագրումը, բա մարդկային հարաբերություննե՞րը: Այստեղ խախտվել է տղամարդկային խոսքի արժեքը, մի քանիսը երեկ դիմում են գրել, բոլորին չի վերաբերում, որոնք իմացել են՝ ինչ դիմում են գրում: Իրենք այնքան թույլ գտնվեցին, որ խոսքը դրժեցին:
 
Ես գիտեի, թե ինչքան ձայն եմ հավաքել, և չեն բավարարում ձայներս պատգամավոր դառնալու համար: Ես նույնիսկ հույս էլ չեմ ունեցել, մտքովս էլ չի անցել, որ կարող եմ համամասնական ցուցակով անցնել ու համամասնական ցուցակում անունս գրել: Իմը եղել է ռեյտինգայինով և չեմ էլ խոստացել, թե «Ծառուկյան դաշինք»-ին այսքան ձայն կբերեմ, ես ասել եմ՝ գնում եմ, որ ազնիվ ընտրություն լինի: Իրենք իրենց խոստացածը դրժել են, եկել հետ են վերցրել»,- պարզաբանել է Մուշեղ Սաղաթելյանը:
 
Նա այս ամենը մեկ այլ քաղաքական ուժի խաղ է որակում, ըստ նրա՝ իշխանամետ առանձին ուժեր կան, որ մութ կարգով փորձում են իրենց առաջ տանել՝ «Ծառուկյան դաշինք»-ը թուլացնելու համար:
 
«Այս ամենը ոչ թե «Ծառուկյան դաշինք»-ի, այլ Ծառուկյան Գագիկի դեմ է: Այս քաղաքական խաղը ներկայացրին հանրությանը, թե Ծառուկյան Գագիկի և «Ծառուկյան դաշինք»-ի կազմակերպածն էր: Այս հարամը ուշ, թե շուտ ջրի երես է դուրս գալու»,-վստահեցրել է «Ծառուկյան դաշինք»-ի թեկնածուն:
 
Նա զարմանք է հայտնել, թե ինչպես ԿԸՀ-ն այն ավելի մեծ սխալների դեպքում չի կատարում նման քաղաքական նախաձեռնություն, ինչպես այս դեպքում, արդյոք չմտածե՞ց, որ կա քաղաքական մոտիվացիա, խաղ «Ծառուկյան դաշինք»-ի դեմ: Մուշեղ Սաղաթելյանի խոսքով՝ կա խաղ՝ թուլացնելու «Ծառուկյան դաշինք»-ը խորհրդարանում:
 
«78 ձայն է պետք, որ ԱԺ-ի նախագահ ընտրվի, մեծամասնություն հավաքած քաղաքական ուժը 56-ն է, ձայների քանակը չի ապահովում, 22-ը պակասում է: Իսկ եղածի մեջ չեն կարող հավաքագրել, այս պահին տեղ կա, կարող են ինքնաբացարկը հետ վերցնել»,-պարզաբանել է Մուշեղ Սաղաթելյանը:   
 
Քվե՝ մանդատի դիմաց: Այսպես է որակել «Ծառուկյան դաշինք»-ի թեկնածուն իրավիճակը:  
 
«Ուրիշ տեր կամ «կռիշ», ղեկավար կունենան այդ մարդիկ, բայց վերևից ավելի վտանգավոր կլինի «Ծառուկյան դաշինք»-ի համար, որովհետև դու գտնվում ես մի թիմում, որի գաղափարախոսությունը չես կիսում: Հուշող կա, հուշում են, որ այս քայլն արեք, հետագայում այսպես կլինի»,-այսպիսի եզրահանգման է եկել Մուշեղ Սաղաթել յանը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play