Գյումրիում տեղի կունենա Արհեստի ու արվեստի փառատոն՝ «Լենդուտա» խորագրով


Գյումրիում տեղի կունենա Արհեստի ու արվեստի փառատոն՝ «Լենդուտա» խորագրով

  • 17-05-2017 17:29:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2017 թվականի հուլիսի 29-ին Գյումրիում տեղի կունենա Արհեստի ու արվեստի փառատոն՝ «Լենդուտա» խորագրով, որի առանցքային գաղափարն է մշակույթով արտահայտել սերն ու նվիրվածությունը Գյումրու ֆենոմենի նկատմամբ: Նախագիծն իրականացվում է ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զարգացման հիմնադրամի  առաջարկությամբ և աջակցությամբ:
 
Մայիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի և Գյումրու «Berlin Art Hotel»-ի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանի ասուլիսը` նվիրված փառատոնին:
 
«Մեր գլխավոր նպատակն է փառատոնը դարձնել Գյումրու ու շրջակա համայնքների տնտեսական ներուժը, պատմությունը, մշակույթը, զբոսաշրջային հնարավորությունները ներքին  ու միջազգային շուկային ներկայացնելու հարթակ: Հին քաղաքի համապատկերում կհառնի նաև ժամանակակից քաղաքի տեսլականը՝ ուշագրավ ոչ միայն բնակիչների, այլև զբոսաշրջիկների համար»-իր խոսքում նշել է  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:
 
Միջոցառումների անցկացման հիմնական վայր է ընտրվել Գյումրու Աբովյան փողոցը, որտեղ լավագույնս արտացոլված է հին Գյումրու շքեղ կոլորիտը՝ զուգակցված նորին
 
Փառատոնի ընթացքում կներկայացվեն Ալեքսանդրապոլ-Գյումրու ավանդական արհեստները՝  արվեստի պրիզմայով՝ թատերական արարներով, երաժշտական ներկայացումներով ու համերգներով (աշուղականից մինչև ռոք), ցուցահանդեսներով (դասականից ընդհուպ ժամանակակից արվեստ):  
 
Նշենք, որ փառատոնի ընթացքում մասնակիցները կարող են ընտրել իրենց գեղագիտական ճաշակին վայել հուշանվերներ կամ հուշաիրեր, ինչպես նաև քիմքին վայել համադամային ուտեստներ, որոնք առավելապես բնորոշ են Գյումրու մշակութային կենցաղին ու ավանդական ազգային խոհանոցին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play