Խորհրդարանական կարգն ավարտվեց դեռ չսկսած


Խորհրդարանական կարգն ավարտվեց դեռ չսկսած

  • 26-06-2017 14:33:21   | Հայաստան  |  Վերլուծություն

Վերջին շրջանում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ զանազան մաստի ֆունկցիոներներ իրար հետեւից կրկնում են, որ 2018-ից հետո ով էլ լինի վարչապետ, առաջնորդ ու պետության ղեկավար է լինելու Սերժ Սարգսյանը:
 
2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի նախագահական լիազորություններն ավարտվելու են, ըստ Սահմանադրության՝ Հայաստանը լիովին անցնելու է կառավարման խորհրդարանական կարգի, իսկ պետության առաջին դեմքն էլ լինելու է վարչապետը:
Եվ ահա, ՀՀԿ-ականները հայտարարում են, թե ով էլ լինի վարչապետը՝ պետության ղեկավարը լինելու է Սերժ Սարգսյանը:
Թեեւ չի մասնավորեցվում, թե ինչ պաշտոնում՝ ՀՀԿ ղեկավար, վարչապետ, նոր լիազորություններով Անվտանգության խորհրդի քարտուղար եւ այլն, սակայն սա երկրորդական խնդիր է:
Մի կողմից, այստեղ գործ ունենք հոգեբանական գործոնի հետ. «ոհմակին» առաջնորդ է պետք՝ անկախ նրանից՝ երկիրը նախագահական, թե խորհրդարանական է:
Մյուս կողմից, ակնհայտ են լուրջ խնդիրներ, որոնք կուտակվել են տարիների ընթացքում եւ բնորոշ են հակասահմանադրական համակարգերին: Առավել եւս, երբ երկիրը գտնվում է իշխանության «անցման» փուլում, որտեղ հնարավոր են անակնկալներ ու անսպասելի զարգացումներ:
Որքան էլ իշխանությունը ճամարտակի խորհրդարանական կարգի պայմաններում ժողովրդավարության մակարդակի, քաղաքական մրցակցության եւ այլնի մասին, ակնհայտ է, որ այդ ամենը հակացուցված է իրեն ու սպառնալիք է:
Խորհրդարանական կարգին անցումն իշխանությունը նախաձեռնել էր նոր իրողություններում տրանսֆորմացվելու եւ սեփականությունը լեգալացնելու նպատակով, որպեսզի «թղթերով ամեն ինչ կարգին լինի»: Այդ տրամաբանությամբ հավաքվեց Ազգային ժողովը, ընդունվում են «համակարգային» տարբեր օրենքներ ու նախաձեռնություններ, որոնք կոչված են ապահովելու այս գործընթացը:
Կառավարման խորհրդարանական կարգը ՀՀԿ-ի հերթական ցուցանակն է, իշխանության յուրացման գործընթացի հերթական հանգրվանը, որը կավարտվի 2018-ի ապրիլին: 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play