Ամերիկահայ բժիշկները՝ COAF-ի գյուղերում


Ամերիկահայ բժիշկները՝ COAF-ի գյուղերում

  • 19-07-2017 15:33:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Բոլոր հիվանդներս արդեն գիտեն, որ ամռանը պարտադիր այցելելու եմ Հայաստան»,- ասում է ամերիկահայ ատամնաբույժ Շողիկ /Ջոյս/ Քուրդյանը։
Շողիկը «Ամերիկահայ Բժիշկների Կազմակերպության» /AAHPO/ առաքելության ղեկավարն է։ Երեք տարի է, ինչ կազմակերպությունը  համագործակցում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ՝ անվճար բժշկական ծառայություններ մատուցելով Արմավիրի, Արագածոտնի և Լոռու գյուղական համայնքներում։ «Մեր թիմում կան գինեկոլոգներ, արյունաբան-ուռուցքաբան, անոթային վիրաբույժ, ատամնաբույժ, հոգեբույժ, դիետոլոգ, բժշկի օգնական։ Այս տարվա այցի ընթացքում Լյուսի Թովմասյանի, Դեբրա Ֆերմանի, Ադրինե Գիրիթլյանի, Քարլա Սիմոնյանի ու մյուսների հետ աշխատել են տեղացի բժիշկներ, ինչպես նաև հայաստանցի ու ամերիկահայ ուսանող-կամավորներ»։
2017 թ. հունիս-հուլիս ամիսներին ամերիկահայ բժիշկները մասնագիտական ծառայություններ էին մատուցում Արագածոտնի մարզի Արտենի, Արմավիրի մարզի Քարակերտ և Մյասնիկյան, Լոռու մարզի Արևածագ, Թումանյան և Ալավերդի և Շիրակի մարզի Փանիկ համայնքներում։ 
 
Հայաստանի մանուկներ հիմնադրամի առողջապահական ենթածրագրերի ղեկավար Լուսինե Սահակյանը նկատում է, որ այս ձևաչափի համագործակցությունըն անչափ հետաքրքիր է «COAF-ի բժիշկներ, ամերիկահայ բժիշկներ, տեղացի բժիշկներ. փորձի փոխանակման արտակարգ հնարավորություն է։ Նաև բացառիկ առիթ է հյուր բժիշկների համար՝ տեսնելու, թե ինչ պայմաններում են աշխատում տեղի բժիշկները»։
Գյուղական համայնքների բնակիչները գրեթե չեն հետևում իրենց առողջությանը. Պատճառը հիմնականում սոցիալական է։ Թումանյան համայնքի բնակիչ Սուսաննա Շահվերդյանը նշում է, որ գրեթե 25 տարի բժշկի չի դիմել, չի ստուգվել։ «Գանգատներ ունեմ, բայց հնարավորություն չեմ ունեցել։ Ինչ-որ առումով՝ նաև ամաչել եմ։ Էն, ինչ Հիմնադրամն ա անում մեզ համար, ամեն շնորհակալությունից վեր է»։ 
Բարեգործական բուժզննության շրջանակներում ամերիկահայ բժիշկներն ընդունել են 400-ից ավելի հիվանդի, ինչպես նաև կատարել վիրահատական 8 միջամտություն Ալավերդի քաղաքում։ 
Բժշկի օգնական Ադրինե Գիրթիլյանն էլ նշում է, որ շատ է ոգևորվում, երբ Հիմնադրամի շահառու համայնքներում դրական փոփոխություններ է նկատում։ «Օրինակ, Քարակերտի ամբուլատորիան հաճելիորեն զարմացրեց. այստեղ լավ մասնագետներ են աշխատում, սարքավորումներ կան։ Հուսով եմ, որ մեր կազմակերպության ու Հիմնադրամի համատեղ աշխատանքը կօգնի գյուղի բնակիչներին ու փոքր-ինչ կլուծի նրանց առողջական խնդիրները»։
Քարակերտի ամբուլատորիայի տնօրեն, ընտանեկան բժիշկ Աիդա Մուրադյանը համոզված է, որ ամերիկահայ բժիշկների այցը խիստ օգտակար է համայնքի համար. «Մեր հիվանդներից շատերը նույնիսկ Երևան գնալու հնարավորություն չունեն, իսկ այստեղ իրենց արևմուտքից եկած լավագույն բժիշկներն են ընդունում...»։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play