Խիստ հանձնարարականներ ՀՀ բնապահպանության նախարարի կողմից
21-07-2017 18:32:43 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2017 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը, անդրադարձ է եղել պարկի 2017 թվականի ծախսերի և եկամուտների նախահաշվի փոփոխություներին, ազգային պարկի զարգացման եռամյա ծրագրին: «Սևան» ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը ներկայացրել է խնդրահարույց մի շարք հարցեր: Նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նաև քաղաքացիների բարձրացրած խնդիրներին՝ թռչունների պահպանության հսկողության ուժեղացման անհրաժեշտության մասին: Մասնավորապես, ահազանգեր են եղել ճայերի վրա կրակելու դեպքերի առնչությամբ, երբ անհայտ անձինք մոտորանավակով մոտեցել են «Ճայերի կղզի» կոչվող տեղանքին և կրակոցներ արձակել թռչունների ուղղությամբ: Խստորեն դատապարտելով արգելոցային տարածքներում նմանատիպ հանցավոր արարքները՝ նախարար Ա. Մինասյանը հանձնարարել է ուժեղացնել ստուգայցերը, սահմանել ամենօրյա հսկողություն և որսագողության կանխման ուղղությամբ իրականացնել խստացված միջոցառումներ, այդ թվում, իրավապահ մարմինների հետ համատեղ սուգայցերի իրականացում, որսագողերի նկատմամբ պատժի խստագույնս կիրառում և, «որսի սիրահարների» հանրային պարսավանք: Արձանագրված իրավախախտումների առնչությամբ բոլոր նյութերը կներկայացվեն զանգվածային լրատվության միջոցներով: