«Երևանյան ամառ 2017». Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի հաղթող է ճանաչվել Նուբարաշենի hեծանվավազքի թիմը
27-07-2017 18:04:01 | Հայաստան | Սպորտ
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով շարունակվող համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձևերից 5-րդը հեծանվավազքն էր: Այս մարզաձևում վարչական շրջանների թիմերը, կանոնակարգի համաձայն, ներկայացել էին տեղերում լավագույն արդյունքներ գրանցած երեքական հեծանվորդներով:
«Երևանյան անիվ» անունը կրող հեծանվավազքի մրցաշարում միավորների զգալի առավելությամբ հաղթող է ճանաչվել Նուբարաշեն վարչական շրջանի հեծանվորդների եռյակը, երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Աջափնյակի, իսկ երրորդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատանի հեծանվորդների եռյակը: Պատվավոր երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:
Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2017թ. բակային մրցաշարում դեռևս չեն կայացել շախմատի, շաշկու և թեթև ատլետիկայի մրցումները: Հիշեցնենք, որ բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ մրցաշարում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանն էլ կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: