Փարիզի կիթառի հիմնադրամը Գանձասարում նկարահանել է Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը


Փարիզի կիթառի հիմնադրամը Գանձասարում նկարահանել է Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը

  • 04-09-2017 15:30:23   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն



 
Փարիզի կիթառի հիմնադրամը Արցախում՝ Գանձասարում, նկարահանել է Երևանյան միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի նախագահ, Երեւանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը: Հոլովակում կիթառահարը կատարում է Մաթիաս Դյուփլեսիի Cavalcade ստեղծագործությունը:
 
Paris Guitar Foundation-ը, որի նախագահն է այս տարվա Երևանյան միջազգային կիթառի փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած կիթառահար Ագուստին Պեսնոնը, տեղադրել է տեսահոլովակն իր պաշտոնական Youtube էջում:
 
«Միտքն այն է եղել, որ հոլովակը ոչ թե նկարահանենք ինչ-որ դահլիճում, այլ ավելի հետաքրքիր պայմաններում: Չցանկացա բաց թողնել Արցախը՝ Գանձասարը ներկայացնելու հնարավորությունը: Տեղեկացնեմ, որ այս տարի նշվում է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակը: Ստեղծագործությունը, որ կատարել եմ, հեղինակել է ֆրանսիացի ժամանակակից կոմպոզիտոր Մաթիաս Դյուփլեսին: Cavalcade նշանակում է շարժում: Գանձասարի բնությունը, եղանակը շատ համահունչ էին երաժշտության հետ»,-նշում է Ժորա Սարգսյանը:
 
Տեղեկացնենք, որ տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել ֆրանսիական հեղինակավոր «Մեցցո» ալիքով (mezzo.tv):
 
Ի դեպ, Ժորա Սարգսյանի կատարումը տպավորել է կոմպոզիտոր Մաթիաս Դյուփլեսին, ով իր հիացմունքն է արտահայտել հայ կիթառահարի կատարման մասին՝ տարածելով երաժշտի հոլովակը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play