Կայացել է «Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի մրցանակաբաշխությունը


Կայացել է «Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի մրցանակաբաշխությունը

  • 10-10-2017 12:42:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2017 թ. սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 9-ը համացանցում, մասնավորապես՝ https://arlenshah.wordpress.com/ գրական–բնապահպանական բլոգ-կայքում և «Ֆեյսբուքի» հայկական տիրույթում, անցկացվեց բնությանը նվիրված բացառիկ գրական մրցույթ, որի մասնակիցներին ընձեռվեց եզակի հնարավորություն, առանց մեծ ջանքերի գործադրման, իրենց գրական տաղանդի շնորհիվ նպաստելու բնապահպանությանն ու բնաճանաչողության մակարդակի բարձրացմանը, իսկ մրցույթում հաղթելու դեպքում՝ նվեր ստանալու բնությանը վերաբերող բնապահպանական բացառիկ գրքեր և հուշանվերներ:
 
«Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի հեղինակ և կազմակերպիչ՝ գրող Առլեն Շահվերդյանը, ցանկացել է բնապահպանության գաղափարի շուրջ համախմբել բնություն սիրող ու ստեղծագործող մարդկանց և գրականության միջոցով օգտավետ քայլ անել բնություն–ստեղծագործ միտք ներդաշնակ կապի զարգացման ուղղությամբ՝ փառաբանելով բնությունը և ստեղծագործ մարդու գրական տաղանդը: Այսպիսով՝ «Հանուն Բնության» գրական մրցույթը՝ որպես ուրույն մրցակցություն, կրում էր միայն գրական, բնապահպանական և բնաճանաչողական նպատակ: Մրցույթը չէր հետապնդում կոմերցիոն որևէ նպատակ: 
 
Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, մեկնարկած «Հանուն Բնության» գրական մրցույթը անմիջապես մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդ ստեղծագործողների շրջանում՝ ձևավորելով բնության թեմայով ստեղծագործելուն միտված դրական, բարի միջավայր և տրամադրություն: Մեկ ամիս շարունակ ստեղծագործող բազմաթիվ երիտասարդներ համակված էին բնապահպանական ոգով: Որպես արդյունք՝ մրցույթի մասնակիցներն իրենց չափածո և արձակ գրական ստեղծագործություններով ուրույն քայլ արեցին հանուն բնության՝ սեփական լուման ներդրելով մարդ–բնություն կենսական, կարևոր և փխրուն կապի ամրապնդման գործում: 
 
Հատկանշական է, որ այս գրական մրցույթը ոչ միայն բացառիկ հնարավորություն էր ցանկացած բնասեր հայ հեղինակի համար նպաստելու բնապահպանական ու բնաճանաչողական նյութերի և բնության նկատմամբ սիրո ու գորովանքի տարածմանը, այլև ինքնաարտահայտման ուրույն միջոց էր բնությանը իր ստեղծագործությունը ձոնելու և դրանով իսկ հանրությանը ներկայանալու համար: Այսպիսով՝ մրցույթի միջոցով հնարավորություն ստեղծվեց ավելի սերտացնելու գրող–ընթերցող կապը, ծավալելու ավելի սերտ և ուրույն ստեղծագործական համագործակցություն: 
 
Մասնակիցների ստեղծագործությունները տեղադրվեցին Առլեն Շահվերդյանի հեղինակած մեկ այլ՝ «Արվեստասեր» բլոգ-կայքում: Որպես անակնկալ նվեր և ստեղծագործական խրախուսանք, մրցույթի մեկնարկից անմիջապես հետո նույն կայքում հետագայում մրցույթի մասնակիցների մյուս ստեղծագործությունները ներկայացնելու համար բացվեցին նրանց անվանական բաժինները:
 
Տասնյակ հազարավոր ընթերցասերների և բազմաթիվ տաղանդավոր ստեղծագործողների ուշադրության կենտրոնում գտնվող գրական այս մրցույթը համախմբեց տարբեր մասնագիտությունների տեր բազմաթիվ բնասեր մարդկանց, որոնք ողջունեցին, մեծապես գնահատեցին և սատարեցին այս գաղափարը: Շատերն էին համակվել բնությունը գովերգելու տրամադրությամբ: 
 
Սեպտեմբերի 24-ին ավարտվեց հայտերի ընդունման ժամկետը: Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրեցին 6 հեղինակ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից (ըստ ազգանունների այբբենական կարգի)՝ Մարինե Աբգարյան, Աննա Անդրեասյան, Հռիփսիմե Պետրոսյան, Արմինե Պողոսյան, Նաիրե Սահակյան և Սոնա Վանյան: 
 
Համաձայն մրցույթի կարգի՝ հաղթողներին որոշելու համար https://arlenshah.wordpress.com/ բլոգ-կայքում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը անցկացվեց օնլայն քվեարկություն, և մասնակիցների միջև ծավալվեց լարված և հետաքրքիր պայքար: Սակայն քվեարկության ավարտին նրանց սպասվում էր «Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի ամենամեծ և գլխավոր անակնկալը, քանի որ մրցույթի հաղթողներ ճանաչվեցին բոլոր 6 հեղինակները, իսկ օնլայն քվեարկության բաց արդյունքներով որոշվեցին մրցույթում նրանց զբաղեցրած 1-6 տեղերը՝ ըստ հավաքած ձայների քանակի: Մրցույթի օնլայն քվեարկությունը ընդամենը ազնիվ ու թափանցիկ մրցակցության միջոց էր հեղինակների միջև՝ իրենց ստեղծագործություններն ավելի մեծ լսարանի հասցնելու համար: Նրանք, ծանոթ ու անծանոթ ընթերցողներին հորդորելով քվեարկել իրենց օգտին, այդպիսով նպաստեցին գրական ստեղծագործության միջոցով բնության նկատմամբ ուշադրության և գորովանքի տարածմանը: Քվեարկությանը մասնակցած 3766 ընթերցող երիտասարդ և շնորհալի հեղինակների ստեղծագործությունների միջոցով հաղորդակից դարձավ բնությանն ու բնապահպանական խնդիրներին, ավելի մեծ գորովանքով լցվեց բնության նկատմամբ, ինչը «Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի գլխավոր նպատակն էր: Մրցույթի բոլոր մասնակիցներին հաղթող ճանաչելը ցույց տվեց, որ «Հանուն Բնության» մրցույթում պարտվողներ չկան, հաղթում են բոլորը՝ հեղինակներն ու ընթերցողները, հաղթանակում և արժեքավորվում է սերը, հոգածությունն ու հարգանքը բնության նկատմամբ: Մրցույթը ցույց տվեց, որ եթե ստեղծագործում ես բնության մասին և բնության համար, ապա դու արդեն հաղթող ես, արդեն շահել ես և քեզ հետ միասին շահում է բնությունը:
 
Հոկտեմբերի 9-ին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի («WWF-Հայաստան») Կոնֆերենց սրահում կայացավ «Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխությունը: Մրցույթի կազմակերպիչ Առլեն Շահվերդյանին և բոլոր 6 հաղթողներին սիրով ընդունեց «WWF-Հայաստանի» տնօրեն Կարեն Մանվելյանը: Մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաև «WWF-Հայաստանի» ամբողջ անձնակազմը: 
 
Կարեն Մանվելյանի և Առլեն Շահվերդյանի կողմից մրցույթի հաղթողներին հանդիսավոր կերպով հանձնվեցին նրանց պատվոգրերը, գրողի նվերները, մասնավորապես՝ «WWF-Հայաստանի» աջակցությամբ հրատարակված նրա հեղինակած «Ապրելու իրավունք» (գրանցված է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում) և «Լռության գինը» վերնագրերով բնապահպանական հայտնի գրքերը, ինչպես նաև «Գարնանային ռեքվիեմ» վերնագրով պատմվածքների ժողովածուն: «WWF-Հայաստանը» մրցույթի բոլոր հաղթողներին սիրով նվիրեց բնության վերաբերյալ «Կանաչ Հայաստան» մեծարժեք գիրքը և «WWF»-ի պատկերանշանով գեղեցիկ հուշանվերներ (պայուսակներ, գլխարկներ և այլն):
 
Հատկանշական է, որ մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցների հետ հանդիպումը «WWF-Հայաստանում» ինքնին խորհրդանշական էր: «WWF-Հայաստանը» աշխարհի ամենամեծ բնապահպանական կառույցի՝ «WWF»-ի հայաստանյան հարգարժան ներկայացուցչությունն է, որը մեծ ներդրում ունի հայրենի բնության պահպանության գործում: Այնպես որ, մրցույթի մասնակիցները հնարավորություն ունեցան հաղորդակից դառնալու «WWF-Հայաստանի» բազմամյա, շնորհակալ գործունեության արդյունքներին, ծանոթանալու «WWF-Հայաստանի»՝ բնապահպանությանն ուղղված նվիրական ջանքերին:
 
Առլեն Շահվերդյանը խորին շնորհակալություն հայտնեց «WWF-Հայաստանի» տնօրեն Կարեն Մանվելյանին, «WWF-Հայաստանի» Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանին և «WWF-Հայաստանի» ամբողջ անձնակազմին՝ մրցույթին աջակցելու համար: Նա մեծապես կարևորեց «WWF-Հայաստանի» բնապահպանական գործունեությունը և նշեց, որ այս կառույցի հետ իր ստեղծագործական-բնապահպանական հաջող և արգասաբեր համագործակցությունը տարիների պատմություն ունի: Նա նաև խորին շնորհակալություն հայտնեց մրցույթի մասնակիցներին, քանի որ նրանք իրենց ստեղծագործություններով նպաստեցին բնապահպանական խնդիրների վերհանմանը, ինչի շնորհիվ տասնյակ հազարավոր մարդիկ լցվեցին բնապահպանական ոգով: 
 
Կարեն Մանվելյանը ջերմորեն շնորհավորեց մրցույթի հաղթողներին: Նա բարձր գնահատեց «Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի կազմակերպումը գրող Առլեն Շահվերդյանի կողմից և գոհունակությամբ նշեց նրա ջանքերը, որոնք մշտապես ուղղված են բնության նկատմամբ սիրո և գորովանքի տարածմանը: «WWF-Հայաստանի» տնօրենը կարևորեց մրցույթի երիտասարդ մասնակիցների կողմից գրական ստեղծագործությունների միջոցով բնապահպանական խնդիրների արծարծումը, ինչը նպաստում է բնության նկատմամբ հարգալից վերաբերմունքի տարածմանն ու արմատավորմանը և հասարակության էկոլոգական գիտակցության ձևավորմանը: 
 
Մրցանակաբաշխությունն անցավ ջերմ, տոնական մթնոլորտում: Հանդիպման ընթացքում մասնակիցները կարծիքներ փոխանակեցին բնապահպանական արդի խնդիրների վերաբերյալ:
 
«WWF-Հայաստանում» անցկացված մրցանակաբաշխությունից հետո Երևանի գեղատեսիլ այգիներից մեկում, բնության գրկում տեղի ունեցավ մրցույթի մասնակիցների հանդիպումը Նարեկացիագետ Սամվել Պողոսյանի հետ: Նա իր կողմից հատուկ մրցանակներ շնորհեց մրցույթի երիտասարդ հաղթողներին՝ «Իմ Նարեկացին», «Գրիգոր Նարեկացի. Հավատարմատ» և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց. Յաճախապատում եւ լուսաւոր ճառեր» արժեքավոր գրքերը: Ծավալվեց հետաքրքիր քննարկում Նարեկացու հարուստ ժառանգության, ինչպես նաև Աստված–բնություն և մարդ–բնություն հարաբերությունների վերաբերյալ: Մասնակիցները խորին շնորհակալություն հայտնեցին բարեշնորհ հեղինակին՝ նվերների համար: 
 
«Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի ավարտին հաղթողներին ու բոլոր բնասեր ընթերցողներին անակնկալ նվերների շարքում իր բացառիկ տեղը զբաղեցրեց նաև հատուկ պատրաստված նկարազարդ և հարմարավետ էլեկտրոնային գիրք-ժողովածուն՝ մասնակիցների ստեղծագործությունների, արտամրցութային աշխատանքների ներկայացմամբ և մրցույթի մասին մանրամասն տեղեկույթով: Նշված «e-Book»-ը հրապարակվեց և սիրով տրամադրվեց հեղինակներին, ընթերցողներին և լայն կիրառություն ստացավ համացանցում, իսկ «Հանուն Բնության» գրական մրցույթի վերաբերյալ հատուկ հաղորդագրությունը լայնորեն տարածվեց ԶԼՄ-ներում: 
 
Ավարտվեց «Հանուն Բնության» գրական մրցույթը, որը ցույց տվեց, որ Բնությանը ձոնված ինքնատիպ գրական ստեղծագործություններով մասնակցելով մրցույթին՝ հեղինակներն իրենց նպաստը բերեցին բնության նկատմամբ հետաքրքրության, սիրո և հարգանքի մեծացման նվիրական գործին: 
 
Նյութի աղբյուրը՝ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ-կայք: 
Տես՝ https://arlenshah.wordpress.com/2017/10/09/arlen-shahverdyan-for-the-sake-of-nature-literary-competition-award-wwf-armenia/
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play