Տիգրան Դավթյանի կանխատեսումներով, տարեվերջին ՀՆԱ-ի 18,5%-ոց<br /> անկումը կնվազեցվի մինչեւ 15%-ի<br />


Տիգրան Դավթյանի կանխատեսումներով, տարեվերջին ՀՆԱ-ի 18,5%-ոց
անկումը կնվազեցվի մինչեւ 15%-ի

  • 29-09-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Այս տարվա հունվար-օգոստոսին մակրոտնտեսական նախնական ցուցանիշների հրապարակումով կարող ենք համոզվածությամբ ասել, որ արդեն հասել ենք տնտեսության անկման ամենացածր կետին»,- սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ 8 ամսվա տվյալներով ՀՆԱ-ի 18,5% անկումից հետո առաջին անգամ գրանցվել է 0,1%-ի աճ: «Դա նշանակում է, որ մենք հասել ենք անկման նվազագույն կետին, որից հետո, հուսով եմ, կսկսվի տնտեսության դանդաղ վերականգնումը: Թեեւ այդ գործընթացը բավականին դժվար է, բայց կարծում եմ այդ միտումը ավելի կայուն դրսեւորում կունենա առաջիկա ամիսներին»,- ընդգծեց նախարարը` հավելելով, որ դրա արդյունքում 18,5%-ոց անկումը տարեվերջին կնվազեցվի մինչեւ 15%-ի: «Կարծում եմ, որ մեր կանխատեսումները մոտ են իրականությանը»,- ասաց Տ.Դավթյանը: Ֆինանսների նախարարի խոսքերով, ՀՀ կառավարությանը հաջողվեց դրսից վարկային միջոցներ ներգրավելով պահպանել 2009թ.-ի բյուջեով նախատեսված ծախսերի մակարդակը: Մասնավորապես, 945 մլրդ դրամի ծախսերից տարվա վերջում կատարված կլինեն 900-910 մլրդ-ը: Կկատարվեն հատկապես սոցիալական ուղղվածության եւ տնտեսության խթանմանն ուղղված ծախսերը: Ըստ Տ.Դավթյանի, 2009թ.-ի բյուջեն, հնարավոր եղավ կատարել նաեւ ներգրավված վարկային միջոցների հաշվին, որին օժանդակեց եւ այն, որ բյուջեի դեֆիցիտը ՀՀ Ազգային Ժողովի ընդունած օրենքով թույլ տրվեց հասցնել ՀՆԱ-ի 7,5%-ի: Նախարարի խոսքերով, 2010թ.-ին նախատեսված է բյուջեի դեֆիցիտը իջեցնել մինչեւ 5,6-5,7%-ի: «2010թ.-ին պետք է լինենք ավելի զգուշավոր եւ պահպանողական: Հենց դրանով է պայմանավորված, որ բյուջեի դեֆիցիտը ցանկանում ենք աստիճանաբար` տարեցտարի, նվազեցնել եւ հասցնել մինչճգնաժամային մակարդակին»,- նշեց Տ.Դավթյանը` հավելելով, որ սովորաբար Հայաստանում բյուջեի դեֆիցիտը եղել է մինչեւ 3%-ի սահմանում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play