ՊԵԿ կինոլոգիական կենտրոնում անցկացվել է սեմինար՝ ուժային կառույցների կինոլոգների մասնակցությամբ


ՊԵԿ կինոլոգիական կենտրոնում անցկացվել է սեմինար՝ ուժային կառույցների կինոլոգների մասնակցությամբ

  • 31-10-2017 19:34:32   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական բաժինը բարձր արդյունքներ է ցուցաբերել Հայաստանի ուժային կառույցների կինոլոգիական ծառայությունների միջև անցկացված մրցումներում՝ արժանանալով մի շարք մեդալների: Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության կինոլոգիական ծառայությունների մրցութային ծրագրում, որը կազմակերպել էր Հայաստանի կինոլոգիական միությունը, ընդգրկված էին շների կողմից տարբեր հրահանգների կատարումը, ավտոմեքենայում և այլ վայրերում թաքցված թմրանյութերի, զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի հայտնաբերումը, սահմանախախտի վնասազերծումը և այլ առաջադրանքներ: Պետական ծառայության ոլորտում կարևոր դերակատարում ունեցող չորքոտանիները ցուցաբերել են բարձր կարգապահություն՝ պատվով և մեծ հմտությամբ կատարելով բոլոր առաջադրանքները: 
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության շնագիտական բաժնի պետ Արթուր Մխիթարյանի խոսքով՝  թիմային պայքարում ՊԵԿ թիմը գրավել է երկրորդ տեղը, իսկ անհատական ցուցադրության ժամանակ երկու շնավարժներ զբաղեցրել են առաջին հորիզոնականը:  Դիտարժան միջոցառման մրցավարն էր թմրանյութերի և պայթուցիկ նյութերի հոտերի ուսումնական նմանակիչների արտադրությամբ զբաղվող ռուսական «Ռեկվիզիտ» ընկերության տնօրեն Անդրեյ Ֆեդորկովը: Ռուսաստանից ժամանած հյուրը ՀՀ ԿԱ ՊԵԿ շնագիտական կենտրոնում ՀՀ ուժային կառույցների կինոլոգիական ծառայությունների համար կազմակերպված սեմինարում ներկայացրել է տարբեր նյութերի նմանակիչները և դրանց կիրառման նրբությունները. «Այցի նպատակն է նպաստել Ձեր երկրի կինոլոգիական ծառայությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը՝ հատկապես թմրանյութերի հայտնաբերման ուղղությամբ»:  Անդրեյ Ֆեդորկովը հայտնել է, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել հոտերի «գրադարան», որպեսզի մեր երկրի կինոլոգիական ծառայություններն առավել արդյունավետ իրականացնեն իրենց առջև դրված խնդիրները:
Անդրադառնալով սեմինարին՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության շնագիտական բաժնի պետ Արթուր Մխիթարյանը նշել է, որ ռուսաստանցի փորձագետը ներկայացրել է թմրանյութերի և այլ նյութերի հոտերի նմանակիչները, դրանց օգտագործման կարգը մարզումների ժամանակ, ինչը թույլ կտա մասնագիտացված շներին առավել արագ և արդյունավետ անցնել պրակտիկ աշխատանքին: Բաժնի պետը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության «Ռեկվիզիտ» լաբորատորիայից ձեռք են բերել թմրանյութերի 8 նմանակիչներ, որոնցով հայ կինոլոգները գործնական աշխատանք են կատարում չորքոտանիների հետ: «Կատարված աշխատանքի շնորհիվ սահմանակետերում մեր կինոլոգներն իրենց շների օգնությամբ հայտնաբերել են տարատեսակ թմրանյութեր և զենք-զինամթերք»: 
ՀՀ ԿԱ ՊԵԿ կինոլոգիական կենտրոնը ստեղծվել է 2010 թվականին: Այդ պատասխանատու աշխատանքի կատարման համար չորքոտանի «խուզարկուներ» են բերվել Լեհաստանում հատուկ կուրսեր անցած և վերապատրաստված շներից: Նրանց հիմնական խնդիրը թմրանյութերի և պայթուցիկ նյութերի հայտնաբերումն է: Ստեղծման օրվանից ի վեր   կինոլոգներն իրենց շների հետ բազմաթիվ աշխատանքներ են կատարել ՀՀ սահմանային անցակետերում և օդանավակայանում: Կինոլոգիական ծառայության մասնագետները  մեծ հաջողությունների են հասել նաև միջազգային հարթակներում անցկացված մրցումներում՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play