Հայաստանի Ազգային Ժողովը սեպտեմբերի 16-ին վավերացրեց 4<br /> միջազգային վարկային համաձայնագիր<br />


Հայաստանի Ազգային Ժողովը սեպտեմբերի 16-ին վավերացրեց 4
միջազգային վարկային համաձայնագիր

  • 16-09-2009 19:12:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովը սեպտեմբերի 16-ին վավերացրեց նախօրեին քննարկված 4 միջազգային վարկային համաձայնագրեր: Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2009թ.-ի հուլիսի 7-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության առաջին գործողություն» ֆինասավորման համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրվի 40,4 մլն SDR-ին (Հատուկ փոխառության իրավունքներին) համարժեք գումար կամ շուրջ 61 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի, վարկը տրամադրվում է 20 տարի ժամկետով, որից 10 տարին` առանց գումարի մարման իրավունքի: Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2009թ.-ի հուլիսի 31-ին ստորագրված «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիր» փոխառության համաձայնագրով կտրամադրվի 30 մլն ԱՄՆ դոլար 27 տարի ժամկետով, որից 5-ը` արտոնյալ: Համաձայնագրի նպատակն է ընտրված տարածքներում ոռոգման ջրի օգտագործման արդյունավետության բարելավումը եւ գյուղական շրջաններում անմիջական զբաղվածության խթանումը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի, երկու տարում նախատեսվում է վերականգնել 83,81 կմ երկարությամբ գլխավոր ջրանցքներ, այդ թվում Թալինի (59,01 կմ ) եւ Արմավիրի (24,8 կմ ) ոռոգման համակարգերում: Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2009թ.-ի հուլիսի 21-ին ստորագրված Զարգացման քաղաքականության վարկի երկրորդ ծրագրի նախապատրաստման ՄԶԸ Ք670-ԱՄ կանխավճարի համաձայնագրով կտրամադրվի 590 հազար ԱՄՆ դոլար: Գումարը կուղղվի ծրագրի խորհրդատվական ծառայություններին: Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2009թ.-ի հուլիսի 15-ին ստորագրված «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագրի (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրով նախատեսված է երկու մասով վարկի տրամադրում 51,378 մլն SDR ընդհանուր գումարով կամ 80 մլն ԱՄՆ դոլար: Վարկային համաձայնագրի տեւողությունը 24 տարի է, որից 8 տարին առանց գումարի մարման իրավունքի: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, համաձայնագրի նպատակն է օժանդակել ՀՀ-ին` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմացնելու հարցում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play